Հայաստանն Ադրբեջանին կարող է փոխանցել ականապատ դաշտերի նոր քարտեզներ. Արարատ Միրզոյան
23 Հունվարի 2024, 16:45
Հայկական կողմն Ադրբեջանին կարող է փոխանցել ականապատ դաշտերի նոր քարտեզներ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այժմ հայկական համապատասխան մարմինները աշխատանք են տանում նաև հարցումների ճանապարհով վերականգնել տեղեկատվություն՝ հնարավոր նոր ականների վերաբերյալ։ Չեմ բացառում, որ նորից փոխանցենք ադրբեջանական կողմին։ Այս անգամ այդ գործողությունը պետք է անենք միջազգային գործընկերների միջոցով», — ասաց Միրզոյանը։
Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին առկա էսկալացիայի հավանականության մասին՝ Արարատ Միրզոյանը նշել է.
«Այն հռետորաբանությունը, որին ականատես եղանք Ադրբեջանի նախագահի հարցազրույցում, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնել մեր զգոնությունը։
Մենք տեսանք, թե ինչպես են Հայաստանի այս կամ այն քաղաքներ, մարզեր անվանվում Արևմտյան Ադրբեջան։ Այո, էսկալացիայի հավանակություն միշտ էլ կա»։