Հայաստանն ամենաշատն արտահանել է թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր և թանկարժեք մետաղներ

08 Մայիսի 2023, 14:45

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանն այս տարվա առաջին եռամսյակում արտահանել է 1մլրդ  664 մլն 789.9 հազար դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացել է 2.3 անգամ, արտահանման ծավալներում ամենամեծ մասը բաժին է ընկնում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերին, թանկարժեք մետաղներին ու դրանցից պատրաստված իրերին:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

Իսկ ինչ վերաբերվում է ներմուծմանը, ապա այն կազմել է 2 մլրդ 583 մլն 263.3 հազար դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը 89.1 տոկոս է: Ընդհանուր առմամբ Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառությունը տարվա առաջին եռամսյակում կազմել է 4 մլրդ 248 մլն 53.2 հազար դոլար, ինչը 2 անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Ամենաշատ արտահանումն արվել է դեպի Ռուսաստան՝ 838 մլն 777.9 հազար դոլարի, սա 4.5 անգամ ավելի շատ է, քան 2022-ի հունվար-մարտին արտահանվածը: Արտահանման ծավալներով երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 288 մլն 774.9 հազար դոլարի արտադրանք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 13.2 անգամ է: Հաջորդը Նիդերլանդներն է: Հայաստանից Նիդերլանդներ արտահանումը 2023-ի հունվար-մարտին կազմել է 100 մլն 128.9 հազար դոլար, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճը 80.5 տոկոս է:

Ընդհանուր առմամբ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը կազմել է 878 մլն 138.2 հազար դոլար, իսկ ԵՄ երկրներ՝ 185 մլն 436.7 հազար դոլար:

Իսկ ինչ վերաբերում է արտահանված ապրանքներին, ապա առաջին եռամսյակում արտահանման ծավալներում ամենամեծ բաժինն ունեն թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը՝ 382 մլն 445.4 հազար դոլարի, սա 2022-ի հունվար-մարտի նկատմամբ ավելացել է շուրջ 4 անգամ: Այնուհետև Հայաստանից ամենաշատն արտահանվել են մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ 270 մլն 988.6 հազար դոլարի, աճը 16.9 անգամ է: Երրորդ տեղում պատրաստի սննդի արտադրանքն է, Հայաստանից հունվար-մարտին արտահանվել է 208 մլն 456.6 հազար դոլարի պատրաստի սննդի արտադրանք, 2022-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճը 53.3 տոկոս է:

Հիմա եթերում