Հայաստանն ամենաշատն արտահանել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, մեքենաներ ու սարքավորումներ
08 Հունիսի 2023, 22:00
Հայաստանն այս տարվա հունվար-ապրիլին արտահանել է 2 մլրդ 158 մլն 463.4 հազար դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1 անգամ, ամենամեծ ծավալի արտահանումն իրականացվել է Ռուսաստան: Իսկ ինչ վերաբերում է ապրանքատեսակներին, ապա արտահանման ծավալներում ամենամեծ մասնաբաժինն ունեն թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը:
Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:
Այս տարվա առաջին 4 ամսում դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1 մլրդ 109 մլն 873.2 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 3.8 անգամ, իսկ դեպի ԵՄ երկրներ՝ 234 մլն 989.7 հազար դոլար, նախորդ տարվա առաջին 4 ամիսների նկատմամբ այս ցուցանիշը նվազել է 9.5 տոկոսով:
Ամենամեծ ծավալի արտահանում իրականացվել է Ռուսաստան՝ 1 մլրդ 64 մլն 44.8 հազար դոլարի, ինչը 2022-ի հունվար-ապրիլ ամիսների համեմատ ավելացել է 3.8 անգամ: Արտահանման ծավալներով երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է, այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանը ԱՄԷ է արտահանել 372 մլն 641.8 հազար դոլարի ապրանք, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8.9 անգամ է: Երրորդ տեղում Չինաստանն է, Հայաստանից Չինաստան արտահանումն այս տարվա չորս ամիսներին կազմել է 135 մլն 017.4 հազար դոլար՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20.1 տոկոսով:
Աճել են նաև Հայաստանից դեպի հարևան Վրաստան ու Իրան արտահանման ծավալները: Հայաստանից Վրաստան արտահանումը 4 ամսում կազմել է 51 մլն 502.1 հազար դոլար, աճը 46.1 տոկոս է, իսկ դեպի Իրան արտահանումը կազմել է 35 մլն 630.2 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5.9 տոկոսով:
Շատ մեծ ծավալներով՝ 183.1 անգամ աճել է նաև դեպի Ռումինիա արտահանումը՝ կազմելով 347.8 հազար դոլար: Իսկ դեպի Կորեայի Հանրապետություն արտահանումը հունվար-ապրիլին աճել է 78 անգամ՝ կազմելով 9 մլն 764.8 հազար դոլար: Հայաստանից Ֆրանսիա արտահանումը կազմել է 2 մլն 883.9 հազար դոլար՝ աճելով 98.5 տոկոսով:
Իսկ ինչ վերաբերվում է արտահանվող ապրանքներին, ապա արտահանված ապրանքների մեջ ամենամեծ մասնաբաժինն են կազմել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը՝ 508 մլն 61.2 հազար դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 3.9 անգամ: Հաջորդը մեքենաները, սարքավորումները և մեխանիզմներն են՝ 368 մլն 439.8 հազար դոլարի, աճը 15 անգամ է: Արտահանման ծավալներով երրորդ տեղում պատրաստի սննդի արտադրանքն է, այս տարվա առաջին 4 ամսում Հայաստանից արտահանվել է 269 մլն 987.9 հազար դոլարի պատրաստի սննդի արտադրանքը, որը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 43.6 տոկոսով: