Հայաստանը ներկայացնող Ակոպովա-Ռախմանին զույգը կմասնակցի օլիմպիական խաղերին
20 Սեպտեմբերի 2025, 14:30
Գեղասահորդներ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանինի մարզական զույգը Պեկինում կայացած ISU To Milano որակավորման մրցաշարում գրավել է երկրորդ տեղը և ապահովել Հայաստանի մասնակցությունը Միլանի 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին:
Ընտրական փուլի կարճ և ազատ ծրագրերի արդյունքում Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը 186,84 միավոր է վաստակել և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։
Գեղասահքի որակավորման մրցաշարում հաղթանակ է տարել չինացի Ցզյասյուան Չժանը և Իհան Հուանը (191.52), իսկ բրոնզե մեդալը նվաճել են ճապոնացիներ Յունա Նագաոկան և Սումիտադա Մորիգուչին (178.66):
Հիշեցնենք, որ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին մարզական զույգը պաշտոնապես փոխել է «մարզական քաղաքացիությունը»։ Ռուսաստանի գավաթի 2021 թվականի փուլի արծաթե մեդալակիրները ներկայացնում են գեղասահքի Հայաստանի հավաքականը միջազգային ասպարեզում: Որոշումը հաստատել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործկոմը 2025 թվականի մայիսի 14-ին։