Հայաստանն այդքան էլ Դոնալդ Թրամփի ուշադրության կենտրոնում չէ. Ռոբերտ Մարգարյան
20 Դեկտեմբերի 2024, 10:45
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար Մերձավոր Արևելքն ավելի կարևոր է, քան Հայաստանը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:
«Հայաստանն այդքան էլ Դոնալդ Թրամփի ուշադրության կենտրոնում չէ: Փորձը ցույց է տվել, որ Թրամփի համար Մերձավոր Արևելքն ավելի կարևոր է, քան Հայաստանը: Նույն խնդրից ելնելով՝ սորոսականները մտահոգվում են, որ կորցնելու են իրենց դիրքերը Հայաստանում, նրանք վերջին շրջանում ուժային կառույցներ են սկսել ներթափանցել ու իրենց մարդկանց են այնտեղ տեղավորում: Հավանաբար, ենթադրում են, թե ինչ-որ փոփոխություններ են լինելու:
Փոփոխությունների դեպքում կփորձեն իրենց լծակներն ինչ-որ կերպով պահպանել՝ գոնե ուժային կառույցներում, որպեսզի տեղի վերահսկողությունը ձեռքներից չտանեն: Հիմա պետք է սպասենք՝ Թրամփի իշխանության գալուց հետո որ ուղղությամբ է տարվելու քաղաքականությունը»,- նշել է մեր զրուցակիցը:
Քաղաքագետը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի՝ սոցցանցային ակտիվությունն ամենևին էլ 2026թ. արտահերթ ընտրություների համար չէ: Մարգարյանի վստահմամբ՝ քաղաքական դաշտում Նոր տարուց հետո մեծ փոփոխություններ են լինելու:
«Այս իշխանության օրոք լուսավոր ապագա մեզ չի սպասվում: Բնականաբար, ամենատրամաբանական լուծումը նրանցից ձերբազատվելն է, որից հետո կարելի է ամեն ինչ զրոյից սկսել: Չեմ կարծում՝ մինչև 2026 թվականն այս ամեն ինչը տևելու է, կարծում եմ՝ Ամանորից հետո Հայաստանում քաղաքական շատ լուրջ զարգացումների ականատեսն ենք լինելու։
Այն ակտիվությունը, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը ցուցաբերում են, հուշում է, որ այս ամեն ինչը 2026 թվականի համար չէ, որովհետև նման մակարդակի քարոզչություն երբ տանում ես, ինչ որ տեղ հասնում է պիկի, ու դա պահելը՝ մինչև 2026 թվականի ընտրություններ, իրենց համար շատ դժվար է լինելու: Շատ շուտ են սկսել այդ ակտիվությունը: Դա նշանակում է, որ 2026 թվականի համար չէ այս ամեն ինչը»,- ընդգծել է Ռոբերտ Մարգարյանը: