Հայաստանն այժմ ԱՄՆ-ի համար առաջնահերթություն չէ․ Դենիս Դենիսով
06 Մարտի 2025, 21:30
Քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր հայտարարությունը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությունները Գյումրիում ռուսական ռազմաբազայի դերի մասին:
Քաղաքագետի խոսքով՝ Թրամփի ներկայիս առանցքային նպատակների և խնդիրների պարագայում Հարավային Կովկասի տարածաշրջանում ակտիվ աշխատանք չի նախատեսվում:
«Հայաստանն այժմ ակնհայտորեն չի մտնում նոր նախագահ Թրամփի և նրա վարչակազմի թոփ առաջնահերթությունների մեջ։ Եվ, իհարկե, իր ժողովրդականության համար, լրատվամիջոցների համար Փաշինյանը կարող է նման հայտարարություններ անել (ԱՄՆ-ի հետ ռազմավարական համաձայնագրի մասին) որքան ուզեք։ Բայց շատ ժամանակ պետք է անցնի, մինչև այն իրականացվի, թեկուզ ոչ ամբողջությամբ, բայց գոնե մասամբ մասնակի: Թրամփի և նրա վարչակազմի ներկայիս առանցքային նպատակների ու խնդիրների պայմաններում չի ենթադրվում, որ նաև այս տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգները կսկսի գերակտիվ դիվանագիտական կամ որևէ այլ աշխատանք: Ահա այն բանից հետո, երբ ինչ-որ վերջնականացում կլինի՝ կապված Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի հակամարտության հետ, երբ այդ բոլոր խնդիրները կանհետանան, որովհետև ասել, որ դրանք կկարգավորվեն, միամտություն է, այդ ժամանակ կարելի է վերադառնալ այս հարցին և խոսել այն մասին, թե ինչ դեր է ստանձնելու ԱՄՆ նոր վարչակազմը Կովկասում հակամարտության կարգավորման և հայ-ամերիկյան փոխհարաբերությունների շրջանակներում: Բայց առայժմ նման միտումներ ընդհանրապես չեն նկատվում։ Այսինքն՝ ամերիկյան օրակարգը չի ենթադրում, որ շատ արդիական կլինի Կովկասի հարցը», — ասել է Դենիսովը։
Նա միաժամանակ նշել է, որ, իհարկե, այս կամ այն չափով ԱՄՆ-ը ներկա կլինի տարածաշրջանում, քանի դեռ այն համաշխարհային տերություն է։
«Սակայն գերակայությունների վերանայման և մի շարք տարածաշրջաններից Միացյալ Նահանգների հնարավոր հեռանալու հետ կապված միտումը, հատկապես, որոնք նրանց համար առաջնային չեն, կարող է ծառայել նրան, որ այդ հարցի արդիականացումը ավելի ու ավելի հետաձգվի», — հավելել է Դենիսովը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցություններին, ապա, փորձագետի կարծիքով, Թրամփը և նրա շրջապատը կցանկանային հասնել հակամարտության արագ սառեցմանը:
«Իրականում մենք ավելի շատ խոսում ենք այդ բանակցությունների մասին, քան հետևում ենք դրանց։ Այն շփումները, որոնք ընթանում և տարվել են, դեռևս բեկումնային արդյունքներ չեն բերում։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, ապա արդեն երեք-չորս ամիս է, ինչ մենք ակտիվորեն քննարկում ենք այդ հակամարտության կարգավորման Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագիրը, սակայն պարադոքսն այն է, որ մինչ այս պահը այդ ծրագիրը չկա։ Եվ այն առաջարկները, որոնք նույնիսկ հիմա գալիս են Միացյալ Նահանգների պաշտոնյաներից, խոսում են այն մասին, որ Թրամփը և նրա շրջապատը կցանկանային հասնել հակամարտության արագ սառեցմանը։ Բայց ցանկացած սառեցում պարզապես դադար է նոր հակամարտության և նոր պատերազմի համար, ինչում, իհարկե, շահագրգռված չէ Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ այստեղ մենք բախվում ենք հսկայական խնդրի, որ իրականում ո՛չ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Ուկրաինան, ըստ էության, չունեն որևէ այլընտրանք ամբողջական համակարգային ծրագրին, որը կարող էր դրվել այս կարգավորման հիմքում»,- ասել է Դենիսովը։
Ինչ վերաբերում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազային, ապա քաղաքագետի կարծիքով՝ կարևոր է հիշեցնել, որ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը կարևորագույն գործոն է տարածաշրջանի կայունության համար:
«Հայաստանի տարածքում մեր զինված ուժերի առկայությունը պետք է դիտարկել մի քանի կոնտեքստում: Եվ այս պահին խորհրդանշական կոնտեքստը շատ ավելի կարևոր է, քան այն մարտական առաքելությունները, որոնք նրանք կատարում են իրենց գտնվելու վայրում: Եվ, իհարկե, հարկ է հիշեցնել և անընդհատ խոսել այն մասին, որ այդ բազայի առկայությունն իսկապես տարածաշրջանի կայունության կարևորագույն գործոն է։ Այլ բան է, որ տվյալ հայտարարություններն այս պահին ուժեղ չեն ազդում Հայաստանի իշխանությունների ընդհանուր հռետորաբանության վրա, այլ ավելի շուտ թյուրիմացության և պատասխան հռետորաբանության են հանգեցնում, որն ավելի շուտ սրում է իրավիճակը, քան փորձում է ընդունել, ճանաչել այն դրական տարրը, որը կրում է ռուս զինվորականների գտնվելն իրենց տեղակայման վայրերում», — եզրափակել է Դենիսովը։