Հայաստանն այժմ փչացնում է հարաբերությունները մի երկրի հետ, որն իրեն անվտանգության երաշխիքներ է տալիս. Դմիտրի Սուսլով
15 Հունվարի 2025, 23:55
Բարձրագույն տնտեսագիտական համալսարանի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի Եվրոպական և միջազգային համապարփակ հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի հետազոտական ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Alpha News-ին մեկնաբանել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի իշխանությունների ձգտումը և նշել, որ երկու ինտեգրացիոն միավորումներին միաժամանակյա մասնակցությունն անհամատեղելի է:
«Հայաստանն օրենսդրական մակարդակով հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու նպատակի մասին։ Սա, իհարկե, Հայաստանի ինքնիշխան ընտրությունն է, սա այն ճանապարհն է, որով գնում են որոշ երկրներ հետխորհրդային տարածքում, բայց դա, իհարկե, անհամատեղելի է Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների հետ, հատկապես Ռուսաստանի և ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունների ներկա համատեքստում։ Հայաստանը որոշում է ընդունել անցնել հակառակորդի կողմը, անցնել Ռուսաստանի թշնամու կողմը, այն երկրների և այն միավորումների, որոնք ձգտում են ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին, որոնց հետ Ռուսաստանը պատերազմում է և մղում հիբրիդային պատերազմ։
Բացի այդ, խոսելով ԵՄ-ին անդամակցելու ցանկության մասին՝ Հայաստանը պետք է ինքնաբերաբար դուրս գա ԵԱՏՄ-ից։ Որովհետև երկու ինտեգրացիոն ասոցիացիաներում միաժամանակյա մասնակցությունն անհամատեղելի է: Եթե Հայաստանը խոսում է ԵՄ-ին անդամակցելու իր ցանկության մասին, ապա դա նշանակում է, որ նա պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից և դադարեցնի օգտվել բոլոր այն առավելություններից, որոնք տարածվում են Հայաստանի վրա կազմակերպությանը նրա մասնակցության շրջանակներում,- նշել է Սուսլովը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին, ապա, ըստ փորձագետի, դրանք կշարունակեն վատթարանալ։
«Կարծում եմ, որ մոտ ապագայում ռուսական բազայի հարցը կբարձրանա։ Ինձ թվում է՝ Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է վերջնականապես այրել Ռուսաստանի հետ իր կամուրջները՝ Ադրբեջանի հետ ինչ-որ խաղաղության համաձայնագրի կնքումից և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների կարգավիճակը կփոխվի։ Չեմ բացառում, որ ինչ-որ փուլում Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի հարց բարձրացվի։
Ես զարմացած եմ, որ Հայաստանն այդ ամենն անում է՝ չհասնելով Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բարձրացնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը և ասում, որ այն ամեն դեպքում կստանա։ Նման մարտահրավերներին դիմակայելով և դրսից չստանալով անվտանգության երաշխիքներ՝ լինի դա ԱՄՆ, թե ԵՄ, Հայաստանը փչացնում է հարաբերություններն այն երկրի հետ, որը ներկայումս անվտանգության երաշխիքներ է տալիս Հայաստանին։ Ես նկատի ունեմ Ռուսաստանին»,- ասել է Սուսլովը։