Հայաստանն այլ հարևաններ չի ունենա. Կոնստանտին Տասից

19 Մարտի 2025, 22:30

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Կոնստանտին Տասիցը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը և նոր էսկալացիայի հավանականությունը։

«Այստեղ կա օբյեկտիվ գործոն՝ աշխարհագրությունը, որ այլ հարևաններ Հայաստանը չի ունենալու։ Հետևաբար, պետք է գործ ունենալ նրանց հետ, որոնք կան։ Միակ բանը, որ կարելի է խորհուրդ տալ, այն է, որ պետք է ամրապնդել պետականությունը, պետական ինստիտուտները, որպեսզի երկրի դիրքերն ամուր լինեն, միաժամանակ պետք է վարել պրագմատիկ արտաքին քաղաքականություն, չդնել մաքսիմալիստական, անհնարին խնդիրներ, բայց միևնույն ժամանակ հստակ և ամուր պաշտպանել սեփական ազգային շահերը»,- նշել է փորձագետը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի կողմից գնդակոծությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը պրագմատիկ բնույթ է կրում:

«Հնարավոր է, որ Ադրբեջանը դա օգտագործում է որպես ճնշման գործիք՝ հայկական կողմին շտապեցնելու համար։Բաքուն սահմանում է խաղաղության պայմանագրի ստորագրման մնացած պայմանները: Դրանք են՝ Մինսկի խմբի (ԵԱՀԿ) լուծարումը և Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացումը՝ Հայաստանի օրենսդրությունից այն կետերը հանելու նպատակով, որոնք, Բաքվի տեսանկյունից, տարածքային պահանջներ են ներկայացնում։ Տվյալ դեպքում առանցքայինը վստահության վերականգնումն է և Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխգործակցության որոշ մեխանիզմներ գտնելը` սահմանին սրացումից խուսափելու համար»,- ընդգծել է Տասիցը:

Փորձագետը համոզված է, որ Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժում չի լինելու:

«Ինձ թվում է՝ ամեն դեպքում քիչ հավանական է, որ Ադրբեջանը բացահայտ ներխուժի Հայաստանի տարածք։ Մենք խոսում ենք ոչ թե սահմանային բախումների մասին, այլ հենց նման նպատակային առաջխաղացման մասին, քանի որ դա նշանակում է միջազգային մեկուսացում ։ Դա նշանակում է բավականին կտրուկ արձագանք ամբողջ միջազգային հանրության կողմից։

Եվ, իհարկե, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեն կարող դա հենց այնպես թողնել։ Նրանք ստիպված կլինեն արձագանքել, եթե դա տեղի ունենա: Սրանք այնպիսի խիստ զսպող գործոններ են Ադրբեջանի համար, որոնք, ամենայն հավանականությամբ, կխանգարեն իրավիճակի նման զարգացմանը։ Ադրբեջանի ղեկավարությունը բավական պրագմատիկ է, նա դա գիտակցում է, ուստի դժվար թե նման վտանգի ենթարկի իր երկիրը»,- եզրափակել է Տասիցը։