Հայաստանն այսօր կանգնած է ամեն ինչ կորցնելու վտանգի առաջ. Սամվել Կարապետյանը՝ Հայաստանի եվրոպական ընտրության մասին
14 Ապրիլի 2025, 12:07
Հայաստանն այսօր կանգնած է ամեն ինչ կորցնելու վտանգի առաջ՝ ստանալով միայն վարկային պարտավորություններ ԵՄ-ից և ԱՄՀ-ից, իսկ Եվրամիությանն անդամակցելու ՀՀ կառավարության քայլերը երկիրը տանելու են աղետի։ Այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։
Նշենք, որ ապրիլի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել Գործարարների հայկական ասոցիացիայի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայկական բիզնեսի հեռանկարները աշխարհաքաղաքական ներկա պայմաններում։
Խոսելով Հայաստանի արտաքին տնտեսական կուրսի փոփոխության մասին՝ Կարապետյանը նշել է, որ երկրի իշխանությունը ցույց է տալիս Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից նահանջը՝ հօգուտ Արևմուտքի հետ փոխգործակցության առաջնահերթ զարգացման:
«Լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ ՀՀ գործող իշխանությունները եվրաինտեգրման կուրս են վերցրել։ Իսկ վերջին շրջանում մենք Ռուսաստանի իշխանություններից հայտարարություն ենք լսում, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է։ Ուստի, եթե ՀՀ կառավարության կողմից ԵՄ-ին անդամակցելու մասին օրինագծի հաստատումը դիտարկվի որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ, ապա դա կհանգեցնի հայկական տնտեսության փլուզմանը։ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի արտահանումը կնվազի 70-80 տոկոսով։ Այս կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում օբյեկտիվ գնահատական տալ ստեղծված իրավիճակին և նման որոշումների հնարավոր հետևանքներին:
Իմ դիրքորոշումը հիմնված չէ հույզերի կամ սուբյեկտիվ նախասիրությունների վրա։ Այն հիմնված է կոնկրետ թվերի և իրական տնտեսական ցուցանիշների վերլուծության վրա։ Միայն այդպես կարելի է կայացնել հավասարակշռված և պատասխանատու որոշումներ, որոնք համապատասխանում են երկրի և նրա քաղաքացիների շահերին։ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին առանցքային դեր է խաղում հանրապետության տնտեսության կայունության և զարգացման գործում»,- ասել է գործարարը՝ հավելելով, որ 2024 թվականին ԵՄ երկրների հետ Հայաստանի առևտրի ծավալն աճել է և հասել 12,7 մլրդ ԱՄՆ դոլարի։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, ԵՄ-ի հետ առևտուրը կրճատվել է 14%-ով և կազմել ընդամենը 2 մլրդ դոլար, ինչը կազմում է երկրի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մոտ 7%-ը։
«Այս թվերը հստակ ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ն ապահովում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հիմնական բաժինը և հանդիսանում է նրա գլխավոր առևտրային գործընկերը, հետևաբար՝ երկրի տնտեսական կայունության հիմքը»,- նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի Եվրամիություն վերակողմնորոշվելու փորձը կարող են լուրջ տնտեսական հետևանքների հանգեցնել: Մասնավորապես, մաքսային խոչընդոտների և տուրքերի սահմանումը կդժվարացնի արտադրանքի արտահանումը ԵՄ երկրներ և կհանգեցնի նրա մրցունակության նվազմանը։
«ԵՄ-ին անդամակցելու մասին ընդունված օրենքները միայն շարժման և զարգացման պատրանք են։ Կառավարության այս քայլերը կհանգեցնեն աղետի։ Այսօր Հայաստանը կանգնել է ամեն ինչ կորցնելու ռիսկի առջև՝ ստանալով միայն վարկային պարտավորություններ ԵՄ-ից և ԱՄՀ-ից, ինչի բազմաթիվ օրինակները շատ են ժամանակակից աշխարհում։ Կատեգորիկ անհամաձայնություն ենք հայտնում Հայաստանի գործող իշխանությունների ընտրած եվրաինտեգրման կուրսին», — ընդգծել է Կարապետյանը։
Նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել երկու հարյուրից ավելի բիզնեսի ներկայացուցիչներ Հայաստանից և Ռուսաստանից։