Հայաստանն այսօր ունի դրական օրակարգ սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու․ Ջոնի Մելիքյան

30 Հունվարի 2024, 22:15

Կարծիք | Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան այցի շրջանակներում ստորագրվեց փաստաթուղթ, որով Երևանը և Թբիլիսին մտնում են հարաբերությունների նոր փուլ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

«Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան այցի շրջանակներում տեղի ունեցավ միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որին զուգահեռ ստորագրվեց փաստաթուղթ, որով Երևանը և Թբիլիսին ֆիքսում են՝ երկու երկրները մտնում են հարաբերությունների նոր փուլ և ստանում են ռազմավարական գործընկերության նոր մակարդակ։ Սահմանազատման գործընթացը տասնյակ տարիներ է, ինչ սկսված է, բայց ավարտին հասցված չէ, և կարելի է ասել՝ Վրաստանն այսօր գրեթե բոլոր հարևանների հետ ունի այս խնդիրը, և Թուրքիան այն միակն է, որի հետ իրենք այդ գործընթացը ավարտին են հասցրել, որից հետո էլ ստորագրվել էր միջպետական համաձայնագիր»,- նշեց Մելիքյանը։

Փորձագետի կարծիքով՝ եթե Հայաստանն այսօր ունի դրական օրակարգ, ապա սահմանազատման գործընթացը կարող է հասնել մի հանգրվանի, երբ այս հարցը լիովին փակ կլինի։

«Այս ֆոնին, ըստ իս, մեսիջը նրանում է, որ եթե մենք ունենք դրական օրակարգ և արդեն ֆիքսված ռազմավարական գործընկերության համաձայնություն, ապա այս հարցում կարելի է ակցիվացնել գործընթացները և հասնել մի հանգրվանի, երբ այս հարցը ևս փակ կլինի։ Ոչ պակաս կարևոր է, որ, ի տարբերություն հարևան Ադրբեջանի, որի հետ Վրաստանի խնդիրներն ավելի խորն են, լինի հնարավորություն Հայաստանի հետ այս գործընթացն էլ ավելի արագ ավարտին հասցնելու»,- եզրափակել է Մելիքյանը։

Հիմա եթերում