«Հայաստանն ի վիճակի է կամրջի դերակատարութուն ունենալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև»
11 Հունիսի 2023, 19:15
Հայաստանի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսի ներկայությամբ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Իրանի Ղազվին և Հայաստանի Սյունիք նահանգների միջև առևտրային հարաբերությունների զարգացման ուղիները:
Հանդիպումը տեղի է ունեցել Սյունիքում Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչության հետ համակարգմամբ, որի նպատակն է՝ ծանոթանալ Իրանի և Հայաստանի այս երկու նահանգների տնտեսական կարողություններին և զարգացնել գործարար և առևտրային հարաբերությունները, գրում է ParsToday-ը։
Որոշ ժամանակ առաջ, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման Փաքը, անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև երեք միլիարդ դոլարի առևտրային նպատակին, ասել է, որ «Ռուսաստանից և Չինաստանից հետո Իրանն այժմ երրորդ խոշորագույն արտահանողն է դեպի Հայաստան»:
Անդրադառնալով Իրանի և Հայաստանի շատ լավ քաղաքական հարաբերություններին և առևտուրը խթանելու և ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտին հասցնելու երկու կառավարությունների վճռականությանը` Փեյման Փաքն ընդգծել է․
«Հայաստանը ԵԱՏՄ-ի միակ անդամ երկիրն է, որը մեզ հետ ընդհանուր սահման ունի և ի վիճակի է կամրջի դերակատարութուն ունենալ Իրանի և այս միության շուկայի միջև»։