Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ չէ, որ ինքնասպանության քայլեր է անում․ Յակով Կեդմի

29 Հունվարի 2025, 21:40

Քաղաքականություն

Իսրայելի «Նատիվ» հետախուզական ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպմանը, Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հավանականությանը, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրին, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի փոխահարաբերություններին։

«Վաշինգտոն Նեթանյահուի այցի նպատակն է փորձել Թրամփի հետ համակարգել Մերձավոր Արևելքի վերաբերյալ հետագա քայլերը, առաջին հերթին՝ ինչ լինելու Գազայի հատվածում և ավարտին հասցնել հրադադարի գործընթացը, որն ընթանում է Լիբանանի հետ։ Պայմանավորվածություններին կհաջողվի հասնել, քանի որ Թրամփն է թելադրում, իսկ Նեթանյահուի կարծիքն այս դեպքում նույնիսկ խորհրդատվական նշանակություն չունի», — ասել է Կեդմին։

Ինչ վերաբերում է ծանր ավիառումբերին, որոնք պետք է մատակարարվեին Իսրայելին, ըստ նրա, դրանց մատակարարումը դադարեցրել է Բայդենը (ԱՄՆ նախկին նախագահ), սակայն կվերսկսվի,և դրանք կմատակարարվեն։

«Սա Իսրայելին լրացուցիչ հնարավորություններ է տալիս, թեև մենք ունենք դրանք, բայց դա չի խանգարի։ Եթե անհրաժեշտ լինի հարվածել Իրանի միջուկային ռազմական օբյեկտներին, դրանք կարող են շատ արդյունավետ լինել: Թրամփն Իրանի հետ կապված շատ յուրօրինակ խաղ է խաղում, բավականին բնական: Նա ցանկանում է պայմանավորվել Իրանի հետ, որպեսզի Իրանը դադարեցնի ռազմական միջուկային ծրագիրը և ապամոնտաժի բոլոր ձեռնարկությունները, բոլոր կառույցները, որոնք զբաղվում էին դրանով, և ոչնչացնի միջուկային զենքի հնարավոր ստեղծման բոլոր բաղադրիչները։

Որպեսզի Իրանն ավելի զիջող լինի, ԱՄՆ-ը, բացի հսկայական ֆինանսական օգնությունից և Իրանի դեմ պատժամիջոցների դադարեցումից, սպառնում է՝ եթե չհամաձայնվեն դրան, Իսրայելը կկործանի նրանց միջուկային ռազմական օբյեկտները և կմնան առանց այդ օբյեկտների, առանց ամերիկյան օգնության։ Ուստի, եկեք ամեն ինչ անենք խաղաղ ճանապարհով, իսկ դուք դեռ լավ գումար կվաստակեք», — նշել է Կեդմին:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրին, փորձագետն ասել է, որ դա Հայաստանի ազգային շահերի վաճառքն է։

«Երկիրը հնարավոր չէ գնել, երկիրը կարելի է վաճառել։ Իսկ ազգային անվտանգությունը հնարավոր չէ գնել, այն կարելի է վաճառել։ Տվյալ դեպքում Հայաստանի ազգային շահերը վաճառվում են: Այս ռազմավարական համաձայնագիրը, որը հաստատվել է թե՛ Հայաստանի խորհրդարանի, թե՛ քաղաքական վերնախավի մի մասի կողմից, Հայաստանին գործնականում ոչինչ չի կարող ապահովել, քանի որ Ամերիկան ոչ մի կերպ չի կարող օգնել Հայաստանին այն աշխարհագրական տարածքում, որտեղ նա գտնվում է։ ԱՄՆ-ն իր զորքերը ոչ մի տեղ չի ուղարկի, առավել ևս՝ Հայաստան: Իսկ ռազմական հակամարտության կամ ադրբեջանական զորքերի՝ նաև թուրքական զորքերի հետ միասին հարձակման դեպքում Հայաստանին այլ բան չի մնում անել, քան հանձնվելը»,- նշել է Կեդմին։

Իսկ թե Հայաստանի գործողություններն ինչպես կարող են ազդել Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, քաղաքագետը նշել է, որ «Հայաստանի համար ավելի վատ է լինելու, իսկ Ռուսաստանի համար ոչ ցուրտ է, ոչ տաք»։

«Եթե Հայաստանը ցանկանում է ինքնասպան լինել և ինքնաոչնչանալ, Ռուսաստանը կարող է միայն խղճալ նրան, բայց դա չի ազդում Ռուսաստանի վրա։ Ռուսաստանին կարող է հետաքրքրել միայն մեկ բան, որ Հայաստանի տարածքը չվերածեն Ուկրաինայի տարածքի և այնտեղ չտեղակայվեն ամերիկյան կամ Ռուսաստանին սպառնացող այլ բազաներ։

Սակայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սպասվող բանակցությունների լույսի ներքո հազիվ թե Միացյալ Նահանգները գնա այնպիսի վտանգավոր քայլի, որը կարող է միայն կտրուկ սրել իրավիճակը Կովկասում, իսկ դա ամենաքիչն է պետք Միացյալ Նահանգներին, առավել ևս՝ Ռուսաստանին: Բայց իր պատմության մեջ սա առաջին կամ երկրորդ դեպքը չէ վերջին 100 տարվա ընթացքում, երբ Հայաստանն ինքնասպանության քայլեր է անում՝ հավատալով, որ ինչ-որ մեկը կօգնի իրեն»,- ընդգծել է Կեդմին։

Քաղաքագետի կարծիքով՝ Թրամփը դժվար թե շարունակի Կովկասում իրավիճակը սրելու՝ Բայդենի սադրիչ քաղաքականությունը։

«Թրամփի ընդհանուր քաղաքականությունն այն է, որ նա ցանկանում է վերացնել բոլոր կոնֆլիկտային իրավիճակներն ամբողջ աշխարհում, և դա վերաբերում է նաև Կովկասին։ Բայդենը բոլորովին այլ քաղաքականություն ուներ. նրանք փորձում էին սրել իրավիճակը Կովկասում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Վրաստանի նկատմամբ։
Թրամփը բոլորովին այլ քաղաքականություն ունի՝ նա ցանկանում է Ռուսաստանից ու Չինաստանից զիջումների հասնել տնտեսական ճնշման միջոցով, բայց ոչ միջազգային հակամարտություններ հրահրելով։ Ուստի, դատելով նրա հայտարարություններից, քիչ հավանական է, որ նա շարունակի Կովկասում իրավիճակը սրելու՝ Բայդենի սադրիչ քաղաքականությունը»,- եզրափակել է Կեդմին։

Հարցազրույցի ընթացքում փորձագետը մեկնաբանել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումը։