Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների հանդիպում կանցկացնեն պետական սահմանին

23 Նոյեմբերի 2023, 11:15

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հանդիպում կունենան երկու երկրների պետական սահմանին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը»,- նշել է Բադալյանը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ Հայաստանին առաջարկելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար հանդիպում անցկացնել պետական սահմանին։