Հայաստանն ու Իտալիան պաշտպանական համագործակցության ծրագիր են ստորագրել

12 Դեկտեմբերի 2024, 17:14

Քաղաքականություն

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական հերթական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ ԳՇ միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2024 թվականին համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, և պլանավորվել են հաջորդ տարվա անելիքները։

Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել համագործակցության ընթացքի վերաբերյալ, որը վերջին տարիներին ընդլայնվում է՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։
Լևոն Այվազյանը գործընկերներին ներկայացրել է բանակի կերպափոխման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։

Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ։

Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ փորձի փոխանակման, տարբեր ուղղություններով պատրաստության, ռազմական կրթության և այլ ոլորտներում։