Հայաստանն ընդգրկվել է ամանորյա տոներին ռուսաստանցիների թոփ-3 ուղղությունների մեջ
21 Նոյեմբերի 2023, 22:42
Հայաստանն ընդգրկվել է ԱՊՀ երկրների այն ուղղությունների եռյակում, ուր ամանորյա տոներին նախատեսում են մեկնել ռուսները:
«Известия»-ի փոխանցմամբ՝ Boxberry առաքման ծառայությունը որոշել է պարզել, թե արդյոք ռուսները նախատեսում են մեկնել ամանորյա ճամփորդության, որ ուղղություններն են ամենից շատ հետաքրքրում ՌԴ քաղաքացիներին և որքան են նրանք պատրաստ ծախսել ուղևորության վրա:
Ընկերությունը նաև ցանկացել է պարզել, թե արդյոք տարբերվում են մայրաքաղաքի և Ռուսաստանի տարբեր շրջանների խոշոր քաղաքների ճանապարհորդների հայացքներն ու սովորությունները, ինչ ծախսեր են նրանք պատրաստ հանուն հարմարավետության և ինչի վրա են նախընտրում խնայել:
Ընկերությունն այս հարցերն ուղղել է մոսկվացիներին, ինչպես նաև երկրի այլ մասերում գտնվող միլիոնանոց քաղաքների բնակիչներին՝ Նովոսիբիրսկ, Կրասնոյարսկ, Եկատերինբուրգ, Նիժնի Նովգորոդ և Դոնի Ռոստով:
ԱՊՀ երկրների շարքում ռուսաստանցիների շրջանում առավել մեծ ժողովրդականություն է վայելում Բելառուսը. այնտեղ մտադիր են մեկնել մոսկվացիների 49 տոկոսը և մարզերի բնակիչների 41 տոկոսը: Երկրորդ և երրորդ տեղերում են Վրաստանը (այս ուղղությունն ընտրել է հարցվածների 27,9%-ը) և Հայաստանը (20,9%):
Ռուսաստանում ամանորյա ուղևորությունների ամենատարածված ուղղությունը Սանկտ Պետերբուրգն է (35%): 2-րդ և 3-րդ տեղերում են Սոչին (20%) և Ոսկե մատանին (17,7%), մարզերի բնակիչները նախընտրում են Մոսկվան (24,1%) և Սոչին (19,5%):