Հայաստանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է իր սկանդալային հայտարարությունը

06 Հուլիսի 2023, 16:00

Քաղաքականություն

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում, այլ աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։

Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ ի պատասխան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցի։

Դեսպանի արձագանքը ներկայացնում ենք առանց խմբագրման.

Հարց․ Հանրային հեռուստաընկերությանը տված Ձեր հարցազրույցի հետ կապված տարբեր մեկնաբանություններ են շրջանառվում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ կապված։ Կարո՞ղ եք հստակեցնել Ձեր դիրքորոշումը։

Պատասխան․ Խնդիրների կարգավորման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհն ուղիղ երկխոսությունն է։ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում։ Միացյալ Նահանգներն աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության առանցքում է։ Ի վերջո, չափից երկար տևած և բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցած այս հակամարտության տևական կարգավորումը երաշխավորելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղում բնակվողների իրավունքների պաշտպանության ապահովումն է և իրենց տներում ապահովության զգացում ունենալը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանը, հիշեցնենք, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնարավոր էր համարել արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում խաղաղ և անվտանգ ապրելը:

Հավելենք, որ դեսպան Քվինի հայտարարությունը պաշտոնական Ստեփանակերտը բացասական էր գնահատել:

«Այն, ինչ ասում է ԱՄՆ դեսպանը, ժողովրդավարության տեսանկյունից խայտառակություն է: Սրանով իրենք հարվածում են ժողովրդավարությանը, ոտնտահարում են մարդու իրավունքները»,- Alpha News-ի հետ զրույցում ասել էր Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: Իսկ երկրի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ շեշտել էր.

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված և արժանապատիվ կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ, այլ պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա։ Նորագույն պատմության մեջ և միջազգային պրակտիկայում կան ժողովրդի կամարտահայտության հիման վրա նման բարդ և ձգձգված հակամարտությունների լուծման օրինակներ»: