Հայաստանում առկա են լիարժեք բռնապետության նշաններ. Դմիտրի Սոլոննիկով
30 Հունիսի 2025, 22:25
Ռուս քաղաքագետ և քաղտեխնոլոգ Դմիտրի Սոլոննիկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների՝ եկեղեցու դեմ հարձակումները և ենթադրել, թե ինչ սցենարներով կարող են զարգանալ իրադարձությունները։
«Ընտրարշավի շրջանակներում միանգամայն հնարավոր են այս էքզիստենցիալ գործողությունները և պայքարը հայկական դասական, նահապետական հասարակության հիմքերի դեմ։ Կարծում եմ՝ միանգամայն տրամաբանական է։ Տեսեք՝ ինչպես է ընթացել գործընթացը։ 2025 թ․ սկսվեցին առաջին ընտրական ցիկլերը Հայաստանում, և նկատելի էր, որ Նիկոլ Փաշինյանը կորցնում է աջակցությունը։ Նրա կուսակցությունն այլևս չի կարող ստանալ մեծամասնություն տեղական ընտրություններում, և, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Հայաստանում ներկայիս ընտրական գործընթացների ընդհանուր գնահատում՝ հեռանկարով, թե ինչպես դա կզարգանա մինչև 2026 թ․։ Պարզ դարձավ, որ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը կկորցնի իշխանությունը։
Նրա համար սա, իհարկե, ոչ միայն քաղաքական աղետ է, այլև մեծ հավանականությամբ՝ քրեական գործերի, խարդախությունների, բյուջետային միջոցների հափշտակության մեղադրանքների սկիզբ և այլն։ Այո, իհարկե, նա միշտ հնարավորություն ունի տեղափոխվելու արտերկիր՝ Ֆրանսիա, ԱՄՆ, որտեղ բավականին մեծ հայկական սփյուռք կա, և որտեղից, ինչպես հասկանում ենք, նա արժեքավոր ցուցումներ է ստանում իր քաղաքականությունը վարելու վերաբերյալ։ Սակայն Հայաստանում մնալը սկզբունքորեն բարդ կլինի ինչպես նրա, այնպես էլ նրա ակտիվների ու ընտանիքի անդամների համար։
Իրավիճակը սրվում է, քանի որ հիմա էլ փորձ է արվում ընտրություններից մեկ տարի առաջ անձամբ լուծել պոտենցիալ ընդդիմության, նրա բարոյական և հոգևոր հիմքերի հետ հարցերն այնպես, որ դրանք վերանան ոչ թե ֆիզիկական, այլ քաղաքական առումով։ Կրքերը կհանդարտվեն մինչև գարուն։ Այս ամենը կմնա անցյալում։ Նորությունները, քաղաքական իրադարձություններն այդքան երկար չեն ապրում։ Մեկ տարին մեծ ժամկետ է։ Եվ վերջ։ Գարնանը նրանք արդեն պետք է դուրս գան լիարժեք ընտրարշավի՝ իրենց համար ամբողջությամբ մաքրելով քաղաքական դաշտը։ Ես կարծում եմ՝ Փաշինյանն այս խաղն է խաղում։ Եվ, ամենայն հավանականությամբ, այս սցենարը նա ինքնուրույն չի հորինել։ Մենք բոլորս հիանալի հասկանում ենք, որ նրա թիկունքում կան քաղտեխնոլոգներ և քաղաքական խորհրդատուներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, նույն USAID-ի ներկայացուցիչները, թեև հիմա արդեն մասամբ ցրված, Սորոսի հիմնադրամները, որոնք, ընդհանուր առմամբ, ոչ մի տեղ չեն անհետացել։ Նրանք են Փաշինյանին իշխանության բերել 2018 թվականին, և, միանգամայն հավանական է, որ հենց նրանք են այսօր գրում նրա հետագա քաղաքական կարիերայի սցենարը»,- ընդգծել է փորձագետը։
Դմիտրի Սոլոննիկովի խոսքով՝ ՕՄՕՆ-ի մուտքը Էջմիածին, իհարկե, եզակի իրավիճակ է։
«Հայ Առաքելական եկեղեցին դժվար ժամանակներ է վերապրել, և նրա վրա հարձակումներ են եղել տարբեր կողմերից, բայց որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները գան և գրոհեն Կաթողիկոսի նստավայրը, սա եզակի դեպք է և կարող է լրջագույնս տրամադրել ամբողջ հայ հասարակությունը ներկայիս իշխանությունների դեմ։ Ընդդիմությանը պետք է ցույց տալ այդ նկարները, պետք է սոցիալական ցանցերում տարածել տեղեկություններ այն հալածանքների մասին, որոնք Հայաստանի հոգևոր առաջնորդների նկատմամբ վարում և կազմակերպում է Փաշինյանը։
Ավելին, ինչպես ժամանակին սովորեցնում էր 20-րդ դարի մեծն քաղտեխնոլոգ Վլադիմիր Իլյիչ Լենինը, թերթը ոչ միայն կոլեկտիվ քարոզիչ և կոլեկտիվ ագիտատոր է, այլև կոլեկտիվ կազմակերպիչ։ Մեր ժամանակներում դա ոչ թե տպագիր թերթերն են, այլ սոցիալական ցանցերը։ Եվ պետք է լինեն կազմակերպչական հիմքեր, գործողությունների որոշակի պլան, որոշակի կազմակերպչական խումբ, որը կստանձնի այդ գործընթացների ղեկավարումը։ Սկզբում ընդդիմությունը պետք է հասնի ներքին համաձայնության, քանի որ այս պահին այն ընդգրկում է բոլորին միաժամանակ՝ թե՛ ազգայնականներին, թե՛ կոմունիստներին, և բոլոր նրանց, ովքեր դժգոհ են Փաշինյանից՝ թե՛ աջից, թե՛ ձախից։
Այդ առումով շատ դժվար է, օրինակ, «Կոմունիստական» կուսակցությանը պայմանավորվել «Դաշնակցություն» կուսակցության հետ, բայց, այնուամենայնիվ, պետք է լինի որոշակի որոշիչ կենտրոն, որը կհամակարգի ընդհանուր գործողությունները։ Եթե ընդդիմությանը հաջողվի բանակցություններ վարել և ստեղծել որոշակի համազգային դիմադրության ճակատ, ապա նրանք հնարավորություն ունեն ներկայիս բացասական միտումները, որոնք Փաշինյանն ինքն իր դեմ է հրահրում հասարակության մեջ, տեղափոխել քաղաքական հարթություն»,- ընդգծել է Սոլոննիկովը։
Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ Հայաստանում իշխանության ավտորիտարիզմի ակնհայտ նշաններ կան, և իրադարձությունները զարգանում են երկու ուղղությամբ:
«Սրանք արդեն լիարժեք բռնապետության նշաններ են, երբ մարդկանց բանտարկում են ոչ թե քրեական հանցագործությունների, ոչ թե խարդախության, փողերի յուրացման կամ կաշառքի մեղադրանքով, այլ այն բանի համար, որ նրանք դեմ են արտահայտվել իշխանությունների քաղաքականությանը, և թիրախավորում են նաև հայկական եկեղեցու ներկայացուցիչներին։ Սա ոչ միայն զարմանալի է, այլև արդեն անցնում է նորմալ ապրող պետությունում նորմալ հարաբերությունների սահմանները։
Այստեղ կա երկու սցենար։ Առաջինն այն է, որով գնում է Փաշինյանն՝ ընդդիմության հետ հարցերի կոշտ լուծումը։ Այնուհետև, մի քանի ամսվա ընթացքում կկոտրի տեղեկատվական դաշտը, կվերականգնի վերահսկողությունը ողջ քաղաքական իրավիճակի նկատմամբ։ Ընդդիմությունը հանգիստ կնստի բանտում, մեդիայում ոչ ոք այլևս դա չի քննարկի, նա կառաջարկի որոշակի օրակարգ և դրանով կգնա ընտրությունների, ոչ ոք չի կարողանա դեմ արտահայտվել, քանի որ դեմ արտահայտվող չի լինի, և հաղթանակով կավարտվի այս ընտրական ցիկլը։ Սա այն ճանապարհն է, որով նա գնում է և հույս ունի, որ կհաջողի։
Երկրորդ տարբերակը՝ նա չափն անցել է, և նրան համբերող հայ հասարակությունը հիմա լրջորեն կըմբոստանա, բողոքի ալիքը կբարձրանա, ընդդիմությունը կկարողանա համախմբվել այժմ արդեն ֆիզիկական սպառնալիքի պայմաններում։ Հիմա նրանց առջև հարց է դրված՝ ոչ թե պարզապես հաղթել ընտրություններում, այլ նաև պահել իրենց ազատությունը։ Հիմա պարզ է, որ նրանցից յուրաքանչյուրը մոտ ապագայում կարող է հայտնվել ճաղերի հետևում, եթե չլուծվի իշխանափոխության հարցը։ Եվ այդ դեպքում ընդդիմության գլխավորությամբ հասարակության բողոքի ալիքը կարող է հանգեցնել նաև իշխանության վաղաժամ փոփոխության։ Պարտադիր չէ սպասել 2026 թվականի հունիսին։ Երկու սցենարներն էլ իրատեսական են»,- եզրափակել է Սոլոննիկովը։