Հայաստանում ԵՄ առաքելությունը զբաղվում է Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ. Գալուզին

04 Հունիսի 2024, 18:45

Քաղաքականություն

Եվրամիության մոնիթորինգային առաքելությունը Հայաստանում զբաղվում է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Շատ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր կասեցնել, եթե 2022 թվականին Երևանը համաձայնվեր ՀԱՊԿ գծով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման առաջարկին։ Ցավոք, հայկական ղեկավարությունը նախընտրեց հրավիրել Եվրամիության առաքելությանը, որը ոչ մի կերպ չի պաշտպանում պետության սահմանները, այլ զբաղվում Է Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ՝ «մոնիտորինգի» անվան տակ», — նշել է փոխնախարարը։

Ինչպես ընդգծել է Գալուզինը, ՀԱՊԿ-ի դեպքում «խոսքը գնում էր լուրջ նախաձեռնությունների մասին, որոնք ներառում էին ռազմատեխնիկական օգնություն, մոնիթորինգային առաքելության ուղղորդում, աջակցություն սահմանապահ զորքերի ուսուցման գործում»: