Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը չի երկարաձգվի․ Գրիգոր Բալասանյան

15 Նոյեմբերի 2024, 23:30

Կարծիք | Քաղաքականություն

Շուտով ականատես կլինենք ԱՄՆ-ում ՀՀ-ի դեսպանի հետկանչին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

«Կարծում եմ՝ հայ-ամերիկյան հարաբերություններում դեռ որոշակի կատակլիզմներ լինելու են հունվարից հետո, քանի որ Թրամփը բավականին հիշաչար անձնավորություն է։ Իսկ դատելով մամուլում տարածված տեղեկատվության, դեմոկրատների օգտին արվող լոբբիստական աշխատանքներում անմիջական ներգրավվածություն է ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը։ Կարծում եմ՝ շուտով ականատես կլինենք ՀՀ-ի դեսպանի հետկանչին, քանի որ թույլ չեն տա, որ այդ դեսպանն այնտեղ պաշտոնավարի։ Նշեմ, որ վերջին անկախությունից հետո չի եղել նման դեպք, որ ՀՀ դեսպանը ինչ-որ երկրում ուղղակի համակարգի հայկական կազմակերպությունների աշխատանքն այս կամ այն թեկնածուի օգտին։

Ինչ վերաբերում է դեմոկրատների գործելաոճին, նշեմ, որ նրանք փորձելու են ֆորսաժային տեմպերով ավարտին հասցնել իրենց այն ծրագրերը, որոնք ունեն հետխորհրդային տարածքների, այդ թվում՝ Հայաստանի հետ կապված։ Պատահական չէր USAID բյուջեի կրկնապատկումը՝ մոտ 50 մլն դոլար, և դա ուղղվում է հասարակական կազմակերպություններին։ Սա որոշակի խնդիրներ է ստեղծելու ՀՀ-ի համար, և սա լինելու է դագանակ հենց նույն Հայաստանի իշխանությունների գլխին։ Եթե իշխանությունները փորձեն այս կամ այն հարցում որոշակի ինքնուրույնություն ցույց տալ, ապա դեմոկրատներն այդ դագանակն օգտագործելու են հասարակական սեկտորի միջոցով, և այն, այսպես կոչված, ընդդիմադիր կուսակցությունների միջոցով, որոնք չգիտես՝ ինչից են վերցրել, որ ընդդիմադիր են, բայց սպասարկում են ԱՄՆ-ի շահերը, ինչը չեն էլ թաքցնում»,- նշել է Բալասանյանը։

Անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետներին՝ միջազգայնագետն ընդգծել է, որ 2025 թ-ի փետրվարին հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության ժամկետը չի երկարաձգվի։

«Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, կարծում եմ այստեղ, եթե ՀՀ-ն ունենար մի փոքր արժանապատվության զգացում կամ մի փոքր մտածեր սեփական երկրի մասին, ապա Ալիևի պահանջները, որից մեկը Եվրոպական միության դիտորդներին հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերելն է, պետք է որակվեր ազդանշան, որ եվրոպական էպոխան Հարավային Կովկասում ավարտվում է։ Եվ այս պարագայում ԵՄ անդամակցության հետ կապված հարցն աստիճանաբար պետք էր մի կողմ դնել, քանի որ Եվրոպայի վրա հույս դնելը դառնում է անիմաստ։ Բայց կարծում եմ, որ վերջին պահին այդ հետքայլը արվելու է, և եվրոպացիներին կանգնեցնելու են փաստի առաջ։ Մեծ հավանակությամբ 2025 թ-ի փետրվարին մենք չենք տեսնի Եվրոպական միության դիտորդական առաքելության ժամկետի երկարացում»,- եզրափակել է Բալասանյանը։