Հայաստանում և Արցախում կանցկացվի «Թանգարանների գիշեր»

16 Մայիսի 2023, 12:13

Մշակույթ

Մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրը, Հայաստանում մի շարք միջոցառումներ են նախատեսված, որոնք կշարունակվեն մայիսի 20-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ թանգարանների միջազգային օրն այս տարի կանցկացվի «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո։

«Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, և մայիսի 20-ին՝ ժամը 11:00-24:00-ը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծրագրին միացած Հայաստանի և Արցախի 116 թանգարաններ 2 օրերի ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առջև՝ առաջարկելով այցելուներին ճանաչողական և կրթական թեմատիկ ծրագրեր:

Հայաստանը ևս միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից: