Հայաստանում հնարավոր է հակամարտության նոր սրացում․ Ալեքսանդր Ցինկեր

Իսրայելում Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանում հակամարտության նոր էսկալացիայի հավանականությունը:

«Նոր էսկալացիա հնարավոր է այն բանից հետո, երբ Հայաստանը համաձայնել է խաղաղության պայմանագրի այն տարբերակին, որի մասին մենք չգիտենք, չգիտենք՝ ինչ է այնտեղ գրված։ Բայց նրանք (Հայաստանի իշխանությունները) ասում են՝ այո, խնդրում եմ, ցանկացած պահի ասեք ամսաթիվը, վայրը, մենք կգանք, կստորագրենք խաղաղության պայմանագիր։ Եվ այստեղ Ադրբեջանը սկսել է մտորել, քանի որ, իմ կարծիքով, Բաքուն չի պատրաստվում խաղաղության պայմանագիր ստորագրել։ Եվ այստեղ, պարզվում է, նա պետք է ինչ-որ բան անի, կա՛մ պայմանավորվի և ստորագրի, կա՛մ պետք է ինչ-որ բան հորինի։ Եվ կա երկու ուղղություն. առաջինը՝ զուտ տեղեկատվական։ Նրանք ասում են՝ այո, իհարկե, մենք կստորագրենք, բայց, այնուամենայնիվ, պետք է լուծել Սահմանադրության հարցը, միջանցքի հարցը և այլն։ Իսկ երկրորդ՝ պետք է ամեն դեպքում պատրաստվել, հիշեցնել ռազմական գործողության մասին, եթե Հայաստանը չհամաձայնի ինչ-որ այլ զիջումների։

Ուստի, ինձ թվում է, նրանք արդեն սկսել են։ Պարզվում է՝ ամեն օր մի քանի անգամ Հայաստանը գնդակոծում է Ադրբեջանի հետ սահմանը։ Տպավորություն է՝ պարզապես նրանց համակարգիչն է փչացել: Սակայն ոչ մի անգամ Ադրբեջանը ոչ մի փաստաթուղթ չի ուղարկում։ Հայաստանն առաջարկել է՝ ինչ-որ հանձնաժողով ստեղծել, որ եթե հանկարծ ինչ-որ բան տեղի ունենա սահմանին՝ փոխհրաձգություն կամ ինչ-որ իրադարձություններ, այդ հանձնաժողովը ինչ-որ իրական փաստաթղթեր ստանա այնտեղ տեղի ունեցածի մասին և փորձի այդ հարցերը լուծել։ Քանի որ ոչինչ տեղի չի ունենում, Ադրբեջանը կարող է շարունակել այնքան, որքան ցանկանան: Եվ միանգամայն հնարավոր է, որ ինչ-որ փուլում նրանք կարող են ասել, որ մենք արդեն մեկ ամիս է՝ հանդուրժում ենք, գրեթե ամբողջ տարածքը գնդակոծվում է, ուստի որոշել ենք գնալ հարձակման։ Ամեն ինչ կարող է լինել»,- ասել է Ցինկերը։