Հայաստանում իրավիճակը հիշեցնում է քաղաքական բռնաճնշումներ. Ստեֆան Շեննախ
07 Հուլիսի 2025, 11:00
«Դա նման է քաղաքական բռնաճնշումների»,- Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵԽԽՎ ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շեննախը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի գործունեությանը միջամտելու հետևանքով ժողովրդավարական նորմերի խախտմանը։
«Տեղի ունեցավ կառավարության փոփոխություն, պարտություն Ադրբեջանի հետ պատերազմում։ Ակնհայտ է, որ ընդդիմությունը վարչապետին պատասխանատու է համարում այս պարտության համար, և դա միանգամայն հասկանալի է։ Ցանկացած ժողովրդավարական երկրում պետք է երաշխավորված լինի խոսքի ազատությունը, և Հայաստանի կառավարությունը ևս պարտավոր է հարգել այդ իրավունքը։ Չի կարելի պատժել քննադատության համար քաղաքական բռնաճնշումներով և մարդկանցից խլել իշխանության հասցեին իրենց կարծիքն ու քննադատությունն արտահայտելու իրավունքը»,- նշել է Շեննախը։
Նա նաև հավելել է, որ պատերազմը ձախողման էր դատապարտված՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանn աջակցություն էր ստացել Թուրքիայից։
«Հակամարտության ավարտից հետո Հայաստանը թուլացավ։ Եվրոպայի Խորհուրդը պետք է աջակցություն ցուցաբերի Հարավային Կովկասի երեք երկրներին։ Մենք պետք է օգնենք Վրաստանին վերադառնալ ժողովրդավարությանը, օգնենք Հայաստանին գտնել ճանապարհ դեպի ազատ և ժողովրդավարական կյանք, որտեղ կապահովվի խոսքի ազատությունը։ Ամենավատ օրինակն Ադրբեջանն է, որտեղ բանտերը լի են քաղբանտարկյալներով, իսկ ժողովրդավարությունը չափազանց թույլ վիճակում է։ Տարածաշրջանի մյուս բոլոր երկրներն այդ ֆոնին ավելի բարվոք վիճակում են»,- նշել է նա:
Շեննախը նաև ասել է․
«Ադրբեջանը դուրս է եկել ԵԽԽՎ-ից, Հայաստանը դեռ ԵԽԽՎ անդամ է։ Հույս ունեմ, որ կունենանք հստակ առաքելություն և կառուցողական բանավեճեր հայկական հարցի շուրջ, քանի որ հիմա վտանգի տակ են ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։ Սա լուրջ խնդիր է ԵԽԽՎ-ի համար, հատկապես, եթե երկիրը շարունակում է մնալ ԵԽԽՎ անդամ»,- եզրափակել է Շեննախը: