Հայաստանում մեկնարկել է «Միլան»-ի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը
29 Մայիսի 2023, 17:20
Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է «Միլան»-ի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը, որին մասնակցում են 160 պատանիներ Հայաստանի տարբեր մարզերից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մանկապատանեկան ճամբարին մասնակցում են Հայաստանի մարզերի 11-15 տարեկան տղաներ և աղջիկներ, որոնց այս օրերին մարզում են «Միլան»-ի ակադեմիայի մարզիչներ Կլաուդիո Զոլան, Ամադեռ Կատալդին, Լեո Մոգեսոնը և Վիրիո Պերելլինը
«Միլան»-ի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի համակարգող և կազմակերպիչ Լուկա Ադամեսին իր խոսքում նշեց, որ առաջին անգամն է Հայաստանում:
«Շատ հազվադեպ է լինում, որ ճամբարն անցկացնում ենք նման հիասքանչ վայրում: Կարող եմ ասել, որ ակադեմիան և մարզադաշտերը բարձրակարգ են: Մեր հիմնական նպատակն է, որ մասնակիցներին խաղալու հնարավորություն տանք, որի միջոցով նրանք կսովորեն և նոր ընկերներ կգտնեն»,- ասաց Ադամեսին:
«Միլան»-ի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի տեխնիկական գծով տնօրեն Կլաուդիո Զոլայի կարծիքով նմանատիպ ճամբարների նպատակը պատանիներին հնարավորինս շատ փորձ փոխանցելն է:
«Երկար տարիների փորձը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ հրաշալի դաշտեր ու ակադեմիա ունեք: Մեր նպատակն է «Միլան» ֆուտբոլային ակումբի մոտեցումները և մեթոդաբանությունը պատանիներին փոխանցել: Մենք իսկապես վայելում ենք նրանց հետ աշխատանքը»,-ասաց նա:
Հայաստանում կազմակերպված ճամբարը լինելու է երկու փուլով` յուրաքանչյուրը 5-ական օր, իսկ խմբերը մասնակցելու են 10 մարզման:
«Միլան»-ի ակադեմիայի ճամբարն առաջին անդամ կազմակերպվել է 1998 թվականին: Մանկապատանեկան այս ճամբարում մարզվել է մոտ 200.000 պատանի Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Թայլանդից, Կանադայից և այլ երկրներից:
«Միլան»-ի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը բարեգործական նախաձեռնություն է, որն իրականացնում է Ամերիաբանկը, որին միացել են Team Telecom Armenia-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և «Տաշիր» ընկերությունների խումբը: