Հայաստանում քաղաքական բևեռացումը բացասաբար է անդրադառնում երկրի իմիջի վրա ԵՄ-ում և ԵԽում. եվրապատգամավոր
27 Նոյեմբերի 2025, 20:15
Alpha News-ը զրուցել է Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր Նաչո Սանչես Ամորի հետ:
-Դուք Երևանում էիք Եվրանեսթի նիստի շրջանակներում։ Ինչպես կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը, այդ թվում՝ քաղբանտարկյալների համատեքստում, հատկապես հաշվի առնելով Եվրամիության հետ խորացող հարաբերությունները:
— Այո, Դուք իրավացի եք, այժմ իսկապես կարևոր ժամանակաշրջան է Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերություններում: Հայաստանը հստակ հասկացրել է, որ ցանկանում է ընդլայնել իր արտաքին քաղաքականությունը, բացել այն նոր գործընկերների և նոր հնարավորությունների առջև: Սա դրական ազդակ է, քանի որ Եվրամիությունը հետաքրքրված է գործընկերություններով ամբողջ աշխարհում։ Վրաստանի իրադարձություններից հետո Հայաստանի դերը տարածաշրջանում առավել նկատելի է դարձել, և այն կարող է վերածվել բավականին հուսալի գործընկերոջ։ Երևանում իմ օրակարգը կապված էր իմ նոր դերակատարության հետ՝ որպես Հայաստանի գլխավոր ներկայացուցիչ Եվրամիության այն կառույցում, որը զբաղվում է ժողովրդավարության խթանմամբ և ընտրությունների մոնիթորինգով։
Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ իմ այցը կապ չուներ ընտրությունների անմիջական դիտարկման հետ, դա առանձին թեմա է։ Այս պահին Եվրոպական խորհրդարանի առաջատար ներկայացուցչի խնդիրն ավելի շուտ քաղաքական բևեռացման մակարդակը նվազեցնելու փորձն է։ Սակայն ներկայիս պայմաններում դա անելը չափազանց դժվար է, քանի որ քաղաքական ուժերի միջև տարանջատումը մնում է բարձր։
Այցի ընթացքում ես հանդիպել եմ առանցքային քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, քանի որ իմ մասնագիտական ոլորտը նախևառաջ խորհրդարաններն են, խորհրդարանական խմբակցությունները և քաղաքական կուսակցությունները: Հանդիպումներ եմ ունեցել նաև խորհրդարանական խմբերի ղեկավարների և խորհրդարանի նախագահի հետ։ Մենք քննարկել ենք երկու մակարդակով համագործակցության հնարավորությունը։ Առաջինը տեխնիկական է. խոսքը փորձագետների փոխանակման, վերապատրաստումների, մասնագետներ Հայաստան ուղարկելու և Եվրոպական խորհրդարանում Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների ընդունելության մասին է:
Երկրորդ մակարդակը վերաբերում է առավել համակարգային խորհրդարանական փոխգործակցությանը՝ ուղղված ինստիտուցիոնալ կապերի ամրապնդմանը և փորձի փոխանակմանը: Մենք եկանք ընդհանուր եզրակացության. ինչպես իմ զրուցակիցներից յուրաքանչյուրն էր նշում, իրենք պատրաստ են մասնակցել Եվրոպական միության ծրագրին՝ ձգտելով բարենպաստ մթնոլորտ ստեղծել քաղաքական ուժերի միջև։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ այն, ինչ ես ասել եմ Եվրանեսթի նիստում, ուղղակի նախազգուշացում չէր Հայաստանի համար։ Ես միայն նշել եմ, որ ԵՄ-ի կամ առանձին երկրի ավելի սերտ կապերի ձգտումը կախված է պետության ներսում ժողովրդավարական չափանիշների մակարդակից։
Ժողովրդավարական չափանիշները առանցքային գործոն են։ Հայաստանը ժողովրդավար երկիր է, բայց կան քաղաքական բևեռացման որոշակի նշաններ։ Դա կարող է բացասաբար ազդել երկրի իմիջի վրա՝ ԵՄ-ի և Եվրախորհրդարանի աչքում։ Իմ խորհուրդն էր կենտրոնանալ ներքին քաղաքականության այս ասպեկտների վրա, քանի որ երկրի արտաքին քաղաքականության հաջող առաջխաղացումը ուղղակիորեն կապված է ժողովրդավարական չափանիշների պահպանման հետ: Անհրաժեշտ է, որ ներքին գործընթացները համապատասխանեն այն մակարդակին, որը համադրելի է ԵՄ չափանիշների հետ։ Եվրանեսթ-ի իմ ելույթում ես հենց դրա վրա եմ շեշտը դրել։ Կրկնում եմ՝ կարևորը քաղաքական ուժերն ու երկիրը պետք է հասկանան, որ ԵՄ-ի հետ մերձեցումը ենթադրում է ժողովրդավարական չափանիշների գնահատում։ Սա պետք է գիտակցել և զգույշ գործել, որովհետև այս ոլորտում ցանկացած խնդիր կարող է երկրի մասին բացասական տպավորություն ստեղծել ԵՄ աչքում:
-Օրինակ, հարց է առաջանում. կարո՞ղ է ժողովրդավարական չափանիշ համարվել այն իրավիճակը, երբ մարդուն հետապնդում կամ բանտարկում են սոցիալական ցանցերում սեփական կարծիքն արտահայտելու համար:
— Նման գործողությունները միայն ուժեղացնում են բևեռացումը, և դրան պետք է շատ լուրջ վերաբերվել: Եվրոպայում խոսքի ազատության բարձր չափանիշներ կան։ Հայաստանում կոնկրետ դեպքերին ծանոթ չեմ, բայց մտահոգիչ է, երբ հետապնդումը կառուցվում է միայն կարծիքի ազատ արտահայտման վրա։ Իհարկե, եթե մարդը խախտում է քրեական օրենսգիրքը, օրինակ՝ բռնության կոչ է անում, դա առանձին հարց է։ Բայց ընդհանուր առմամբ, ԵՄ ստանդարտները լայն ազատություն են տալիս քաղաքական և հասարակական հայացքների արտահայտման համար՝ սոցիալական ցանցերում կամ ցանկացած այլ ձևով: Իշխանության քննադատությունը, եթե այն չի խախտում օրենքը, ոչ մի դեպքում չի կարող քրեորեն պատժվել։ Սա առանցքային ուղենիշ է ցանկացած երկրի համար, որը ձգտում է մերձենալ ԵՄ-ի հետ։ Որպես հուսալի ուղեցույց, արժե կենտրոնանալ մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի վրա, որը հստակ սահմանում է, թե ինչը կարելի է համարել օրինական քննադատություն, իսկ ինչը՝ հանցավոր գործունեություն:
— Ինչպես կարող են ԵՄ-ն կամ Եվրախորհրդարանը ազդել երկրի իշխանությունների վրա այս հարցերում:
— Երկխոսության բազմաթիվ ուղիներ կան։ Մենք սերտ կապեր ենք պահպանում և ազատորեն շփվում իշխանությունների հետ, ինչը թույլ է տալիս քննարկել անհրաժեշտ փոփոխությունները և հարմարեցնել պրակտիկան։ Վստահ եմ, որ դեսպանն ու Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչությունը կատարում են իրենց աշխատանքն՝ իշխանություններին փոխանցելով ԵՄ ակնկալիքներն ու արժեքները։ Իմ՝ Հայաստանի հարցերով գլխավոր անդամի դերում, գործընկերներիս՝ Հայաստանի հարցերով զեկուցողի և Եվրախորհրդարանում երկրի համար պատասխանատու այլ պաշտոնյաներ հետ միասին, մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին շարունակել ԵՄ-ի հետ մերձեցման ուղին: Սա կարևոր քայլ է, որը մենք բարձր ենք գնահատում։ Մենք պարզապես պետք է ուրվագծենք, թե ինչպես ենք տեսնում երկիրը և ինչ քայլեր, մեր կարծիքով, անհրաժեշտ են ձեռնարկել այդ ճանապարհի հետագա զարգացման համար։
-Եվրախորհրդարանն արդեն մի քանի բանաձևեր է ընդունել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, այդ թվում փախստականների անվտանգ և կամավոր վերադարձի իրավունքի վերաբերյալ: Դա ամրագրված է միջազգային իրավունքով, և ոչ ոք, այդ թվում՝ Հայաստանի կառավարությունը, չի կարող այդ հարցը լուծել իրենց փոխարեն։ Դուք կարծում եք, որ այդ մարդիկ շարունակում են պահպանել այդ իրավունքը:
— Անշուշտ։ Լեռնային Ղարաբաղից արտաքսված անձանց իրավունքները հստակ ամրագրված են միջազգային իրավունքում: Նրանք պետք է կարողանան օգտվել այդ իրավունքներից և անհրաժեշտության դեպքում միջազգային կազմակերպությունների միջոցով հասնել դրանց արդյունավետ պաշտպանությանը: Մենք միշտ հանդես ենք գալիս միջազգային իրավունքի օգտին։ Ես վստահ չեմ, թե ինչ իրավիճակ է հիմա, բայց ամեն դեպքում սա այն դեպքն է, երբ միջազգային իրավունքը պետք է հարգվի: Ինձ մտահոգում է նաև Բաքվում տիրող իրավիճակը՝ կապված հայ պաշտոնյաների և այն մարդկանց դատավարության հետ, որոնք կատարել են իրենց պարտականությունները Լեռնային Ղարաբաղում։
Կարմիր Խաչի հեռանալուց կամ արտաքսվելուց հետո անորոշ է մնում, թե իրականում ինչ է տեղի ունենում և ինչպես են հարգվում նրանց իրավունքները: Խնդիրն այն է, որ, ամենայն հավանականությամբ, չկան միջազգային դիտորդներ։ Ես խնդրեցի, որ ինչ-որ մեկը դիտարկի գործընթացը, քանի որ եթե ճիշտ եմ հասկացել, այս ուրբաթ տեղի կունենան հերթական լսումները։ Եվ ես կցանկանայի հրավիրել միջազգային հանրության, Եվրոպական միության անդամների կամ որևէ այլ միջազգային կազմակերպության ներկայացուցիչների՝ վերլուծելու այս գործընթացը, որը տեղի է ունենում ռազմական դատարանում՝ մարդկանց պաշտպանության իրավունքի բազմաթիվ սահմանափակումներով: Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ չկան քաղբանտարկյալներ, չկան ռազմագերիներ, բայց նրանց դատում են ռազմական դատարանում, իսկ դա նորմալ չէ։ Քաղաքացիական անձը պետք է դատվի քաղաքացիական կամ քրեական դատարանի սովորական ընթացակարգով: Այն փաստը, որ նրանց դատում են ռազմական դատարանում, լուրջ մտահոգություն է առաջացնում։