Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ
24 Ապրիլի 2025, 12:43

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ՌԴ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ:
«1995 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դուման, հիմնվելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության տարածքում հայերի բնաջնջման մասին վկայող անհերքելի պատմական փաստերի վրա, ընդունել է «1915-1922թթ. հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարություն, որով դատապարտել է այդ անմարդկային արարքի կազմակերպիչներին, արտահայտել իր զորակցությունը հայ ժողովրդին և ճանաչեց ապրիլի 24-ը որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
Փաստաթղթում նշվել է, որ եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն իր պատմական հայրենիքում կատարվել է Ռուսական կայսրության հետագա ոչնչացման համար պայմաններ ստեղծելու նպատակով:
Հիշեցնենք, որ արտգործնախարար Ս. Դ. Սազոնովի նախաձեռնությամբ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարությամբ Օսմանյան կայսրության գործողությունները հայ ժողովրդի նկատմամբ որակել էին որպես «հանցագործություն մարդկության դեմ»:
2015թ. ապրիլի 24-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Իր ելույթում ռուսական պետության ղեկավարը հայտարարել է, որ 1915թ-ի իրադարձությունները ցնցել են ողջ աշխարհը, իսկ Ռուսաստանում ընկալվել է դա որպես սեփական վիշտ՝ նշելով, որ հարյուր հազարավոր անպաշտպան և ապաստան կորցրած հայեր փրկություն ստացան Ռուսական կայսրության տարածքում», — ասվում է հրապարակման մեջ: