Հայաստանում ռուսական նախաձեռնությունները կարիք ունեն համապատասխան լրատվամիջոցների աջակցության. Տիգրան Քոչարյան
10 Ապրիլի 2025, 20:43

Ռուսաստանում տեղի ունեցող «Եվրասիա. Արժեքների տարածք» համաժողովի շրջանակներում մեդիափորձագետ և Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանն ընդգծել է, որ Հայաստանում ռուսական նախաձեռնությունները պետք է համապատասխան մեդիա ուղեկցում և մեդիաաղմուկ ստեղծեն։
Նա նաև հիշեցրել է Գյումրիում վերջերս տեղի ունեցած ակցիան, որտեղ երիտասարդները բաժանել են 25 հազար թռուցիկներ, որոնք նկարագրում էին ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հետևանքները։ Այն վիրուսային է դարձել, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցներում։
«Հայաստանում մարդիկ հաճախ տեղեկություններ են ստանում այն մասին, որ Ռուսաստանում ամեն ինչ վատ է, պատժամիջոցներ են, ժողովուրդը սովամահ է լինում և այնտեղ ոչինչ չի զարգանում։ Իսկ նման նախաձեռնությունների շնորհիվ հայ երիտասարդները գալիս ու տեսնում են մոսկովյան էլեկտրաավտոբուսները, մտնում են մետրո, սուպերմարկետներ, դուրս են գալիս Կարմիր հրապարակ, հասկանում են, որ Ռուսաստանին չի հաջողվել ճնշել պատժամիջոցներով։
Ժամանակն է, որ Ռուսաստանը Հայաստանում ստեղծի փաստերի ստուգման կազմակերպություն։ Ցավոք, փաստերի ստուգումը ներկայումս իրականացվում է միայն արևմտամետ հասարակական կազմակերպությունների կողմից։ Իսկ հայաստանցիներն այլ տեսակետ լսելու հնարավորություն չունեն», — հավելել է Տիգրան Քոչարյանը։