Հայաստանում ռուսական ներկայության կրճատման գործընթացը կշարունակվի. Անդրեյ Արեշև
10 Հոկտեմբերի 2024, 20:30
Հայաստանում ռուսական ներկայության կրճատման հետ կապված հարցերը լուծվում են բավականին հետևողականորեն, և այդ գործընթացն, ամենայն հավանականությամբ, կշարունակվի։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա և Իրանի հետ սահմանային անցակետից սահմանապահներին դուրս բերելու կետը։
«Կարելի է ենթադրել, որ այդ հարցը դատարկ տեղում չի ծագել, և այսպես թե այնպես այն մշակվել, համաձայնեցվել է ռուսական և հայկական կողմերի կողմից «բարձրագույն մակարդակի» հասցնելուց առաջ, որտեղ այն դրական լուծում է ստացել։ Կարծում եմ, որ սա միանգամայն սպասելի քայլ է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումից հետո։ Նման որոշումները, կարծում եմ, կկայացվեն այս կամ այն աստիճանի հետևողականությամբ, ինչ-որ ժամանակացույցի համաձայն, որը, ինչպես մենք ենթադրում ենք, առկա է և արտացոլում է տարածաշրջանում շատ առումներով փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունները։ Եվ անվտանգության հետ կապված հարցերն այժմ բոլորովին այլ կերպ են լուծվում, և շահագրգիռ ուժերի կոնֆիգուրացիան մի փոքր այլ տեսք ունի», — ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ ռուսական հարթակն, իհարկե, կարևոր է, տարբեր ձևաչափերով հանդիպումներ անցկացվում են ամեն տարի, սակայն կա որոշակի փոփոխություն կամ առաջնահերթությունների ճշգրտում տնտեսական փոխկապակցվածության և տարբեր տնտեսվարող սուբյեկտների միջև փոխգործակցության ուղղությամբ: Եվ մոսկովյան հանդիպման ժամանակ կողմերի ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած էր այդ հարցերի վրա։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ռուսական ներկայության կրճատման հետ կապված հարցերը լուծվում են բավականին հետևողականորեն։ Կարծում եմ, որ այդ գործընթացը կշարունակվի», — նշել է Արեշևը՝ հավելելով, որ Ռուսաստանի պատրաստակամությունը՝ դուրս բերել իր սահմանապահներին տարածաշրջանից, պայմանավորված է տարածաշրջանում օբյեկտիվորեն փոփոխվող իրավիճակով։
«Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենալու անվտանգության տարբեր համակարգերի վերաձևակերպման առումով։ Մենք գիտենք, որ հայկական կողմի հետ տարբեր մակարդակներում և տարբեր ուղղություններով ակտիվ աշխատում են, այդ թվում՝ արևմտյան գործընկերները։ Ռուսական կողմը դա տեսնում է և այսպես թե այնպես գնահատում։ Բայց, ընդհանուր առմամբ, բավականին հանգիստ է վերաբերվում դրան։ Արդարացվա՞ծ է արդյոք նման հանգստությունը, որքանո՞վ այն իրենց կարդարացնի գոնե տնտեսական ոլորտում երկկողմ փոխհարաբերությունների պահպանման առումով։ Այս հարցին միանշանակ պատասխան չկա, ես կարծում եմ, որ կարող են լինել ամենատարբեր հետևանքներ, այդ թվում՝ տնտեսական փոխգործակցության համար։
Կարծում եմ, որ այժմ ռուսական կողմը գտնվում է այն վիճակում, երբ մեծ ջանքեր ու ռեսուրսներ են ծախսվում ուկրաինական ուղղության, տարբեր մարտահրավերների կասեցման վրա (իսկ մենք հասկանում ենք, որ իրավիճակը չի լավանում), և այդ կապակցությամբ, իհարկե, Հարավային Կովկասում գերակայությունները բնական կերպով կենտրոնանում են և վերակողմնորոշվում տնտեսական փոխգործակցության ուղղությամբ», — ընդգծել է փորձագետը։