Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայումը կարգավորվում է փաստաթղթերով. Զախարովա
04 Հոկտեմբերի 2023, 16:06
Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման հետ կապված հարցերը կարգավորվում են համապատասխան փաստաթղթերով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք դեռ ելնում ենք մեր պայմանավորվածություններից, որոնք արձանագրված են թղթի վրա, սա առաջինն է։ Եվ երկրորդ՝ մենք կոնկրետ արձագանքելու ենք բոլոր կոնկրետ քայլերին և որոշումներին, ենթադրելը վերլուծաբանների գործն է: Մենք մեկնաբանություններ ենք տալիս ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ, որոնք արդեն եղել են կամ անպայման լինելու են»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռուսական կողմը բացասական քայլեր է ակնկալում Երեւանից Հայաստանում ռուսական ռազմաբազայի ապագայի վերաբերյալ։
«Եթե մենք խոսում ենք ռուսական դիրքորոշման մասին, ապա դա արձանագրված է համապատասխան փաստաթղթերում, այն օրինական ձևակերպված է», — նշել է Զախարովան։
1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն՝ Հայաստանի տարածքում տեղակայված է 102-րդ ռազմաբազան՝ միակ ռուսական բազան Անդրկովկասում (զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը մոտ 5 հազար մարդ է)։ 2010 թվականին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն՝ տեղակայման ժամկետը նախնական 25 տարուց երկարացվել է 49 տարվա՝ մինչև 2044 թվականը։ Ռազմաբազան ունի երկու կայազոր՝ Գյումրիի և Երևանի շրջակայքում։