Հայաստանում տեղի է ունենում եկեղեցու ռեյդերական զավթում. ենթասարկավագ Վարդան Պողոսյան
11 Հուլիսի 2025, 23:02
Հայաստանում տեղի է ունենում եկեղեցու ռեյդերական զավթում։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ազգային և կրոնական հարաբերությունների ոլորտի մասնագետ, ենթասարկավագ Վարդան Պողոսյանը, որի հետ հարցազրույցը հրապարակվել է Մոսկվայի հայկական եկեղեցու տելեգրամյան ալիքում։
«Չնայած նրան, որ ես բնակվում եմ Հայաստանից դուրս, անթույլատրելի եմ համարում ՀՀ իշխանությունների վարքը եկեղեցու հնագույն ինստիտուտի, ընդհանրապես եկեղեցական հիերարխիայի նկատմամբ, որը հարձակումների է ենթարկվում ներկայիս կառավարության կողմից»,- նշել է նա։
Պողոսյանի խոսքով՝ դեռևս իր կառավարման սկզբում ներկայիս իշխանությունն արգելել է դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը։ «Աստիճանաբար նրանք ոտնահարում էին Հայոց եկեղեցու իրավունքները, իսկ այսօր ընդհանրապես տեղի է ունենում ռեյդերական զավթում, որովհետև մեկ մասնավոր անձ փորձում է լուծել մի ամբողջ ինստիտուտի ճակատագիրը, որը տվյալ տարածքում գոյություն ունի ավելի քան երկու հազար տարի»,- հավելել է նա։
Պողոսյանն ընդգծել է, որ ՀԱԵ հավատացյալ զավակները դեմ են նման միակողմանի որոշմանը. «Ոչ միայն մենք՝ ամբողջ սփյուռքը, հավատացյալ հոտը դեմ են նման հարձակումներին և նման վերաբերմունքին, որն իրենից ներկայացնում է անօրինականություն, անարդարություն և, այսպես կոչված, որոշակի վակխանալիա Հայաստանի կառավարության կողմից»։