«Ոսկե դուբլ». Նկարահանվում է սպորտային դրամա՝ նվիրված Նիկիտա Սիմոնյանին

27 Հոկտեմբերի 2024, 16:15

Մշակույթ

Հայաստանում ընթանում են AP Cinema կինոընկերության և START առցանց կինոթատրոնի համատեղ նախագծի՝ «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները։

«Ոսկե դուբլ»-ը նվիրված է Նիկիտա Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերայի փուլերից մեկին։ Հենց իր գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը 1973-ին կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը․ անել «Ոսկե դուբլ»՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր:

«Անկեղծորեն զարմացա, երբ ինձ առաջարկեցին այս ֆիլմի գաղափարը, քանի որ շատ ժամանակ է անցել, 50 տարին հսկայական ժամանակ է։ Միակ բանը, որ կցանկանայի մաղթել, ճշմարտությունն է, որպեսզի մարդիկ այս պատմությունն իսկապես իմանան։ Նախագծի վրա բանիմաց մարդիկ են աշխատում, ես նրանց վստահում եմ։ Հուսով եմ՝ այս պատմությունը կդառնա ոգեշնչման աղբյուր և հզոր մոտիվացիա երիտասարդ տղաների, երիտասարդ ֆուտբոլիստների համար, որոնք երազում են մեծ հաղթանակների մասին»,- style.news.am-ի փոխանցմամբ՝ ասել է խորհրդային ֆուտբոլի լեգենդ, մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանը։

«START ընկերության խումբը մեր գործընկերների՝ AP Cinema կինոընկերության հետ միասին, մեծ ֆիլմ է ստեղծում ոչ միայն հայրենական ֆուտբոլի պատմության լեգենդար իրադարձության մասին, այլև լեգենդար մարդու՝ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի կյանքի նշանակալից փուլի մասին, որը ոգեշնչող օրինակ է բոլորիս համար։ Դա մեծ պատիվ է։ Մենք նկարահանում ենք «Ոսկե դուբլ»-ը լայն հանդիսատեսի համար, քանի որ ցանկացած սպորտային դրամա միշտ պատմություն է մարդկանց մասին, նրանց արժեքների, միմյանց աջակցության և միայն դրանից հետո՝ հենց խաղի մասին»,- նշել է լխավոր պրոդյուսեր և START առցանց կինոթատրոնի համահիմնադիր Էդուարդ Իլոյանը։

«Այսօր շատ կարևոր է խոսել մի դարաշրջանի մասին, որտեղ մարդիկ ավելի բարի էին, կար պատվի, արդար ու արժանի պայքարի չգրված օրենք, մի խոսքով, կար հասարակ, բայց կարևոր մարդկային արժեքների համակարգ, որոնք մարդիկ հետագայում մի փոքր կորցրին և այսօր վերադարձի կարիքն ունեն։ Մեր պատմությունը հենց այդ մասին է: Բացի այդ, չի կարելի խոսել ֆուտբոլի մասին՝ չնշելով թիմի տասներկուերորդ խաղացողին՝ երկրպագուներին, որոնք մեր ֆիլմի ամենակարևոր մասն են։ Եվ, իհարկե, մեր ֆիլմը հիանալի առիթ է պատմելու մեծ մարդ ու ֆուտբոլիստ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մասին։ Նա մեծ անհատականություն է, ով հիացմունք է ներշնչում ոչ միայն ֆուտբոլասերների, այլև մարդկանց ճնշող մեծամասնության մոտ»,- ընդգծել է ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը։

Ֆիլմում գլխավոր դերը կատարում է Եգոր Բերոևը, իսկ նկարահանման հրապարակում նրա գործընկերներն են Սոֆյա Դոնյանցը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Բաբկեն Չոբանյանը, Անահիտ Կիրակոսյանը, Անդրանիկ Խաչատրյանը և այլք։ Ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է։