Հայաստանում ընտրողները քվեարկել են Փաշինյանի օգտին, բայց չեն քվեարկել Ռուսաստանի հետ շփումները խզելու օգտին. Նիկոլայ Սիլաև
21 Նոյեմբերի 2023, 20:10
Հայաստանում ընտրողները քվեարկել են Փաշինյանի օգտին, բայց նրանք չեն քվեարկել Ռուսաստանի հետ շփումները խզելու օգտին և չպետք է պատասխան տան այն իրավիճակի համար, երբ նրանք ստիպված կլինեն վճարել ՀՀ ղեկավարության չմտածված քաղաքականության համար։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է պատմական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը:
Փորձագետն ընդգծել է՝ տպավորություն է ստեղծվում, որ ՌԴ-ի հետ քաղաքական հարաբերությունների նման վերանայման գնալով՝ ՀՀ իշխանությունները չգիտես՝ ինչու կարծում են, որ դա ոչ մի կերպ չի անդրադառնա տնտեսական հարաբերություններին, որոնցից երկիրը շատ լուրջ օգուտ է ստանում։
«Դա և տնտեսության աճն է, և եկամուտները, որոնք գալիս են և՛ արտահանումից, և՛ ռելոկանտներից։ Ռուսաստանը չէր ցանկանա փչացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները, քանի որ դրանք հարաբերություններ են, որոնք կապված են ԵԱՏՄ-ի հետ, և չեն ցանկանա վնաս հասցնել այդ լավ նախագծին, որն օգնում է դրա բոլոր մասնակիցներին։ Այո, իսկապես, Հայաստանում ընտրողները քվեարկել են Փաշինյանի օգտին, բայց նրանք չեն քվեարկել Ռուսաստանի հետ շփումները խզելու օգտին, և նրանք չպետք է պատասխան տան այն իրավիճակի համար, երբ ստիպված կլինեն վճարել ՀՀ ղեկավարության չմտածված քաղաքականության համար։
Հիմա Հայաստանի իշխանություններն այնպիսի բարակ սառույցի վրա են քայլում, որ հնարավոր է՝ քաղաքական մակարդակով մենք ձեզ հետ վիճենք, բայց պահպանենք տնտեսական հարաբերությունները, բայց ավելի լավ է չհասցնենք այն վիճակին, երբ գրեթե անհնար կլինի վերականգնել գոյություն ունեցող տնտեսական կապերը», — նշել է Սիլաևը։
Նրա խոսքով՝ Արևմուտքի և ՀՀ ղեկավարության համար շատ կարևոր է խաղաղության պայմանագիր կնքել հենց Արևմուտքում։
«Ադրբեջանում հասկանում են, որ Արևմուտքում խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ ուժեղ հարված կլինի ադրբեջանա-ռուսական հարաբերություններին։ Ինձ թվում է՝ Ադրբեջանը չի ցանկանում նման հարված հասցնել Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Ցավոք, որքան երկար հետաձգվի դրա ստորագրումը, այնքան ավելի հավանական է, որ ինչ-որ նոր իրավիճակ կառաջանա», — նշել է Սիլաևը։
Փորձագետը հավելել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները տարբեր հարթակներում և տարբեր մակարդակներում խոսել են այն մասին, որ խոսք չկա ինչ-որ արտատարածքային բնույթի մասին, որ պետք է բացել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները, ներառյալ այն հաղորդակցությունները, որոնք Ադրբեջանի տարածքով կկապեն Հայաստանը Ռուսաստանի հետ:
«Այնպես որ, ես այստեղ քննարկման հատուկ առիթ չեմ տեսնում։ Սակայն Արևմուտքը չի ու չի էլ ծրագրում լուծել այդ խնդիրները։ Ավելին, Արևմուտքը Հայաստանին դրդում էր, որ առանց որևէ վերապահման ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ Եվ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է հենց եվրոպական հարթակում, այլ ոչ թե Ռուսաստանում։ Արդյո՞ք Արևմուտքն ավելի շատ կօգնի Հայաստանին, քան Ռուսաստանն է օգնում։ Ես դրանում շատ կասկածում եմ։
Բացի այդ, մեծ կասկածներ կան Հայաստանին օգնելու հարցում Արևմուտքի քաղաքական կամքի վերաբերյալ, կասկածներ կան նաև դա անելու ֆիզիկական կարողության վերաբերյալ, քանի որ վերջին մեկուկես տարում հսկայական ռեսուրսներ են հատկացվել Ուկրաինային», — ասել է փորձագետը։
Այժմ, նրա խոսքով, այդ ռեսուրսները գնում են նաև Իսրայել։
«Ինձ թվում է՝ հետխորհրդային երկրների նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ միամտության սահման չկա։ Տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ կանխատեսելը շատ դժվար է։ Իմ կարծիքով, շատ դժվար է խաղաղության վիճակում մնալ առանց խաղաղության պայմանագիր ունենալու, ուժերի այնպիսի անհավասարակշռության պայմաններում, որն այժմ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև», — եզրափակել է Սիլաևը։