Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի
20 Մարտի 2025, 12:49

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, ըստ որի՝ մարտի 21-31-ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկվի Սիրիա։
Որոշման նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում։
«Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ», — ասված է նախագծում։