Հայաստանը ցանկանում է գնալ դեպի ԵՄ, բայց դա չի նշանակում, որ այդպես կլինի. Դենիս Դենիսով

22 Հունվարի 2025, 22:20

Քաղաքականություն

ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Alpha News-ի եթերում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպմանն, ինչպես նաև «Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի մասին։

Խոսելով ԱԳ նախարարների հանդիպումից, նա նշել է, որ Լավրովը մի քանի անգամ ընդգծել է՝ շատ դրական է գնահատում այս հանդիպումը, բայց միևնույն ժամանակ ամփոփիչ ասուլիսում կողմերը կարևորել են բազմաթիվ տարբեր խնդիրներ, որոնք քննարկվել են այս հանդիպման ընթացքում։

««Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի հարցը ոչ ռուս, ոչ էլ հայ նախարարը չեն հիշատակել։Ուստի պետք է տողերի արանքում կարդալ՝ եթե այս հարցում առաջընթաց լիներ, եթե լիներ կոնսոլիդացված դիրքորոշում կամ գոնե այս խնդրի երկկողմանի ըմբռնման ակնարկներ, ապա դա կքննարկվեր։ Եվ քանի որ դա չի արվել, այս խնդիրը մնում է չլուծված։ Պաշտոնապես Հայաստանը գտնվում է ԵԱՏՄ-ում և առայժմ միայն փորձում է ինչ-որ կարգախոսային փաստաթղթերի միջոցով իր ճանապարհը գծել դեպի այլ կողմ, այսինքն՝ դեպի Եվրամիություն:

Եվ այստեղ պետք է հասկանալ, որ ԵՄ-ին ինտեգրումը միակողմանի ճանապարհ չէ։ Մենք լսե՞լ ենք հայտարարություններ ԵՄ պաշտոնյաներից, այդ թվում՝ Եվրահանձնաժողովից, որ պատրաստ են կարճաժամկետ կամ երկարաժամկետ ինտեգրել Հայաստանին։ Նման հայտարարություններ չեն եղել, ուստի հիմա խոսել այն մասին, որ Հայաստանը դուրս է գալիս ԵԱՏՄ-ից և միանում ԵՄ-ին, իհարկե, վաղաժամ է։ Դրա համար կան մի շարք մեխանիզմներ, որոնցից ոչ մեկը դեռ չի կիրառվել»,- նշել է փորձագետը։

Դենիսովի խոսքով՝ ռուսական շուկան ռազմավարական նշանակություն ունի և անհրաժեշտ է Հայաստանի համար, և դրանից հրաժարվելը կարող է հանգեցնել պետության փլուզման։

«Հայաստանի քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչներ կցանկանային գնալ դեպի ԵՄ, բայց դա չի նշանակում, որ դա տեղի կունենա։ Այս պահին այդ փաստաթղթերին պետք է վերաբերվել տեղեկատվական պատերազմների տեսանկյունից։ Եվ առավել ևս, կարևոր պահ է, որ արտգործնախարարները խոսում էին Ռուսաստանի և Հայաստանի միջև աճող ապրանքաշրջանառության մասին։ Այնուամենայնիվ, ռուսական շուկան ռազմավարական առումով կարևոր և անհրաժեշտ է Հայաստանի համար, ուստի աբսուրդ կլիներ վերցնել և հենց այնպես կտրել։ Դա պարզապես կարող է հանգեցնել պետության փլուզման»,- ասել է Դենիսովը։