Հայաստանը ցանկանում է իր համար տնտեսական արտոնություններ կորզել. Բորիս Ռոժին
26 Դեկտեմբերի 2023, 21:20
Ռազմական փորձագետ Բորիս Ռոժինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին և դրա ազդեցությունը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա:
Փորձագետի կարծիքով՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի այցից հետո որևէ արմատական փոփոխություն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում չի լինի:
«Ես կասկածում եմ, որ ինչ-որ արմատական փոփոխություններ կլինեն, որովհետև վերջին քայլերը, որ անում էր Նիկոլ Փաշինյանը, դրանք հստակ ցույց էին տալիս Հայաստանի ղեկավարության իրական վերաբերմունքը Եվրասիական կառույցների նկատմամբ։ Այսինքն՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Ֆրանսիայի և այլ թշնամական երկրների կառույցների հետ աշխատանքն ուղղված էր առաջին հերթին Ռուսաստանի, այդ թվում՝ Անդրկովկասի շահերի դեմ։ Այնպես որ, այստեղ պետք է տարբերակել խոսքերն ու գործերը։
Կարելի է ուշադրություն դարձնել, որ Հայաստանի վարչապետը շեշտը դրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների տնտեսական ասպեկտների վրա։ Այսինքն՝ անհրաժեշտ է փոխել մոտեցումները, հատկապես էներգակիրների շուկայի նկատմամբ։ Ակնհայտ է, որ պաշտոնական Երևանի կողմից փորձ է արվում Հայաստանի համար տնտեսական բնույթի ինչ-որ առանձնաշնորհումներ կորզել, քանի որ Հայաստանը տնտեսապես բավականին ուժեղ կախված է Ռուսաստանից», — ասել է Ռոժինը։