Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը

11 Հունվարի 2025, 11:53

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի գրասենյակից։

Վարչապետի գրասենյակից հիշեցրել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․ «2024-ի դեկտեմբերի 19-ին, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է՝ «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»։