Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և ԵՄ-ում, և ԵԱՏՄ-ում. Պեսկով
09 Հունվարի 2025, 14:26
Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և Եվրամիությունում, և Եվրասիական տնտեսական միությունում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
«Լինել երկու տարբեր կազմակերպությունների անդամ պարզապես անհնար է։ Այստեղ կա մեկ մաքսային տարածք, այստեղ կա ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի մեկ գոտի, այնտեղ կան այլ նորմեր», — ասել Է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ դեռևս դժվար է գնահատել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության նշանակությունը: «Նայած, թե ինչ շեշտադրումներ կունենա հայկական կողմը», — նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հեռանկարային են արդյոք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետագա հարաբերությունները Հայաստանի հետ:
Պեսկովը ԵՄ-ի անդամակցությունն անվանել է Հայաստանի սուվերեն իրավունք, սակայն վստահություն է հայտնել, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է երկրի համար:
«Անշուշտ, եվրաասոցացման նախագիծն ինքնիշխան իրավունք է։ Մենք հստակ գիտենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է Հայաստանի համար», — նշել Է Պեսկովը։ Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին մասնակցությունն օգուտ է բերում ոչ միայն Հայաստանին՝ որպես պետության, այլև երկրի ժողովրդին:
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է նաև, որ Ռուսաստանը գնահատում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և ամեն ինչ անելու է երկու երկրների հետ հարաբերությունները զարգացնելու համար:
«Մենք մեր լավ հարաբերություններն ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Մենք գնահատում ենք այդ հարաբերությունները, և մտադիր ենք անել այն ամենն, ինչ կախված է մեզանից, որպեսզի հետագայում ևս զարգացնենք այդ հարաբերությունները», — ասել Է Պեսկովը լրագրողներին։