Հայաստանը երբեք չի անդամակցի Եվրամիությանը. Մարատ Բաշիրով
17 Դեկտեմբերի 2025, 23:56
Քաղաքագետ և քաղտեխնոլոգ, «Պոլիտջոյստիկ» տելեգրամյան ալիքի հեղինակ Մարատ Բաշիրովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը՝ 2026 թվականի առաջիկա ընտրություններում Հայաստանին աջակցելու վերաբերյալ, և կանխատեսում է արել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների մասին:
«Այն, որ այլ պետությունները երբեմն ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով օգնություն են ցուցաբերում այլ երկրներում ժողովրդավարությանը սատարելու համար, սկզբունքորեն, դրանում վատ բան չկա, եթե չի խախտվում օրենսդրությունը: Այսինքն՝ եթե դա ինչ-որ տեխնիկական աջակցություն է, օրինակ՝ ինչ-որ տեղ համակարգիչները չեն հերիքում՝ գնել են, տեղադրել, կամ ուսուցանել օրենսդրության պահպանումը։ Բայց եթե հայտնվում է ուղղակի միջամտություն և դա խախտում է ազգային օրենսդրությունը, ապա հենց այստեղ ցանկացած պետության իշխանություններ, սկզբունքորեն, միշտ պատնեշներ են դնում և դա դատապարտում են, կամ էլ թույլ են տալիս դա՝ գնալով խախտումների և աչք փակելով սեփական օրենսդրության վրա: Ահա թե որն է վտանգը:
Եթե Կայա Կալասը կամ մեկ ուրիշը Եվրոպական միությունից ցանկանում են աշխատել այն նորմերի շրջանակում, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ (իսկ քվեարկության իրավունքն ամրագրված է և՛ այդ կանոնադրությունում, և՛ պետությունների սահմանադրություններում), ապա դա մի հարց է, իսկ եթե, ընդհանուր առմամբ, այդ ամենը խախտվում է, այդ դեպքում, ի վերջո, պարզապես կպատժեն»,- հայտարարել է Բաշիրովը:
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի ուղին դեպի Եվրամիություն անցնում է բարդ համաձայնեցումների համակարգով և գործնականում անիրագործելի է:
«Եվրամիությունը կառուցվել է որպես մի էգոցենտրիկ համակարգ, որտեղ մի քանի պետություններ, գերիշխելով Միության ներսում, տիրանում էին այլ երկրների շուկաներին՝ կործանելով որոշակի ոլորտներ։ Եթե Հայաստանը, որն ունի ոչ ամենաուժեղ տնտեսությունը (թեև, անկասկած, ունի իր առավելությունները), համաձայն է ինչ-որ բանով էլի կիսվել․ դա հայ ժողովրդի ընտրությունն է։ Իսկ ես հիշեցնեմ, որ անձամբ ինձ համար հայկական կոնյակը հայկական է։ Ես չեմ հասկանում, երբ ձեզ արգելում են ձեր կոնյակը, որն ունի նման հսկայական պատմություն և իրացման հսկայական շուկա Ռուսաստանում, «կոնյակ» անվանել։ Եվ այդպես կլինի շատ ու շատ ապրանքների դեպքում, եթե Հայաստանը հանկարծ ինչ-որ հրաշքով հայտնվի Եվրամիության կազմում», — ամփոփել է փորձագետը։