Հայաստանը եվրաինտեգրման հեռանկար չունի. Անդրեյ Բունիչ
14 Ապրիլի 2025, 22:30
Տնտեսական գիտությունների թեկնածու, տնտեսագետ Անդրեյ Բունիչը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հայտարարությունը, թե ՌԴ-ն մտադիր չէ ոտնահարել ԵԱՏՄ-ում Հայաստանի շահերը եվրոպական կուրսի պատճառով, սակայն միությունից դուրս գալը ցավալի կլինի երկրի բնակչության համար։
Փորձագետի խոսքով՝ նույնիսկ տեսականորեն դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կարող է անդամակցել Եվրամիությանը։
«Իմ կարծիքով, Հայաստանին ոչ մի եվրաինտեգրում չի սպասվում, քանի որ դա կասկածելի է շատ ավելի մեծ երկրների հետ կապված։ Այն երկրների, որոնք վաղուց այնտեղ հերթում են, հետևաբար, նույնիսկ տեսականորեն դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կարող է անդամակցել Եվրամիությանը։ Իմ կարծիքով, դա պարզապես քաղաքական հնարք է։
Այսինքն՝ իրականում խոսքը ոչ թե այն մասին է, որ Հայաստանը լինելու է Եվրամիությունում, այլ այն, որ նա պարզապես ուզում է այնտեղ լինել, բայց քիչ է, թե ինչ են ուզում։ Նրանք կարող են ամեն ինչ ուզել, բայց դա իրական չէ՝ ելնելով ներկայիս աշխարհաքաղաքականությունից, տնտեսությունից, պարզապես այն դրությունից, որում հայտնվել է Եվրամիությունը»,- ասել է Բունիչը:
Դա, ըստ տնտեսագետի, պարզապես հույս է, որը տրվում է մարդկանց խաբելու համար:
«Նույնիսկ եթե պատկերացնենք, որ ինչ-որ հրաշքով Հայաստանը կհայտնվի Եվրամիությունում, այն, ինչ կարող է առաջարկել ՀՀ-ին, այսինքն՝ ինչպիսին կլինի տնտեսական ազդեցությունը, բացառապես բացասական է։ Ուստի ես կարծում եմ, որ դա բացարձակ անհեթեթություն է և պարզապես քաղաքական հնարք, քանի որ, իմ կարծիքով, դա պարզապես անհնար է։
Այսինքն՝ դա պարզապես հույս է, որը տրվում է մարդկանց խաբելու համար, որ մենք հիմա կմտնենք Եվրամիություն և այն կսկսի հենց այնպես մեզ գումար տալ, մենք ուղղակի կապրենք, իսկ մեզ գումար կփոխանցեն, բայց դա, իհարկե, հեքիաթ է։ Եթե նրանք այդ կուրսը տանեն Եվրամիություն, վիճեն Ռուսաստանի հետ, ապա գները կբարձրանան։ Անգամ տնտեսությունը, որը գործում է, նույնպես կհայտնվի ճգնաժամի մեջ։ Ուստի սա միայն կբերի տնտեսական խնդիրներ և ոչ մի այլ բան»,- եզրափակել է Բունիչը։