Հայաստանը Գերմանիայի արտաքին քաղաքականության շահերի գոտուց դուրս է. Վալդեմար Գերդտ
24 Փետրվարի 2025, 21:30
Բունդեսթագի նախկին պատգամավոր Վալդեմար Գերդտը մեկնաբանել է Գերմանիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
«Ընտրությունների արդյունքները սպասելի էին և, իմ կարծիքով, օպտիմալ, քանի որ ցանկացած այլ սցենար կհանգեցներ երկրում կազմակերպված կամ ինքնաբուխ սոցիալական պայթյունի։ Եթե, օրինակ, «Այլընտրանք» կուսակցությունը շատ մեծ տոկոս հավաքեր, ապա ընդդիմադիր կուսակցությունները ժողովրդին դուրս կբերեին փողոց և «Մայդան» կկազմակերպեին, իսկ դա լավ չէ։
Իսկ այն, ինչ հիմա տեղի ունեցավ, այսինքն՝ կոալիցիա երկու կուսակցությունների հետ, դա այն է, ինչ ուզում էին Քրիստոնեա-դեմոկրատները։ Իհարկե, նրանք ավելին էին ակնկալում, ճիշտ այնպես, ինչպես «Այլընտրանք» կուսակցությունն իր համար ավելին էր ակնկալում, բայց մարդիկ շատ էին խճճվել այս բոլոր քաղաքական բանաձևերում, թե ով ում համար էր, ում հետ էր և ինչ կստացեր դրանից: Ուստի քվեարկել են ըստ իրավիճակի։
Ընդհանրապես, «Այլընտրանք» կուսակցությունը պետք է հաստատ 50 տոկոսից ավելին հավաքեր, քանի որ իրավիճակն ամբողջությամբ իր կողմն էր։ Ոչ թե այն պատճառով, որ կուսակցությունը լավն է, այլ նրա համար, որ այն ամենն, ինչ մենք ասել ենք, բոլոր կանխատեսումները տեղի են ունեցել։ Եվ ավելին ստացվեց, քան կար, որովհետև տնտեսությունը ավերված է, երկրի անվտանգությունը, հանցագործությունը պարզապես ամենաբարձր մակարդակի վրա է, գենդերային քաղաքականությունն ընդհանրապես դուրս է եկել վերահսկողությունից, այսինքն՝ կան բոլոր պայմանները, որ նոր ուժ գա իշխանություն, բայց այդ նոր ուժին չթողնեն իշխանության։ Եվ, հավանաբար, դա դեռ պետք չէ: Հաջորդ ընտրություններում դա կլինի»,- ասել է Գերդտը։
Փորձագետի կարծիքով՝ Գերմանիայում նոր իշխանության գալը բացասաբար կանդրադառնա հետխորհրդային տարածքի վրա։
«Հետխորհրդային տարածքում դա, ամենայն հավանականությամբ, բացասական ազդեցություն կունենա, ավելի լավ չի լինի։ Իշխանության եկավ մի կուսակցություն, որը կոչ էր անում կոշտ վերջնագրեր ներկայացնել Մոսկվայի նկատմամբ։ Շոլցը (Գերմանիայի կանցլեր) հեռանում է իշխանությունից, իսկ նա զսպող գործոն էր և երկչոտ պաշտպան էր Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու համար։ Այժմ նա հեռանում է, և նրա կուսակցությունում կգան Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ միջոցների կողմնակիցները, ուստի այդ կուրսի փոփոխությունից ոչ մի լավ բան չի ստացվի։
ժ
Տա Աստված, որ Թրամփը (ԱՄՆ նախագահը) կարողանա մղել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման իր դոկտրինը, և եթե դա նրան հաջողվի, ապա, կարծում եմ, նրանք ստիպված կլինեն փոխել հռետորաբանությունը։ Իսկ եթե չհաջողվի, ապա Եվրոպան կգնա ազատ նավարկության, որը կարող է հանգեցնել մեծ աղետի, ինչպես դա եղել է արդեն մեկ անգամ»,- նշել է Գերդտը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ Բունդեսթագի նախկին պատգամավորի, Գերմանիան այժմ ժամանակ չունի Հայաստանի համար։
«Հիմա, ճիշտն ասած, Հայաստանի համար ժամանակ չկա, քանի որ, նախ, Գերմանիան այլևս չունի այնքան ազդեցություն, որքան նախկինում։ Երկրորդ՝ Հայաստանը դուրս է Գերմանիայի արտաքին քաղաքականության շահերի գոտուց»,- եզրափակել է Գերդտը։