Հայաստանը գնում է ՀԱՊԿ-ից պայմանագրի չեղարկման ուղղությամբ. Եվգենի Միխայլով

Հարավային Կովկասի երկրների ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Միխայլովը Alpha News-ի եթերում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր մասնակցել է Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմ նախապատրաստելու մեջ:

«Իմ կարծիքով՝ հիմա Փաշինյանը միտումնավոր չի նշում այն երկրների անունները, որոնց մեղավոր է համարում Ղարաբաղում պատերազմի նախապատրաստման մեջ։ Դա շահարկում եմ համարում։ Նա, իհարկե, ակնարկում է Ռուսաստանին ու Բելառուսին, քանի որ Բելառուսը, այսպես ասած, զենք է վաճառել Ադրբեջանին։ Դե, Ռուսաստանը, բնականաբար, դիվանագիտական բոլոր ջանքերը գործադրեց իրավիճակը կարգավորելու համար։ Իսկ Փաշինյանի պատկերացրածը սխալ է։

Սկզբունքորեն, Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, նույնպես շատ սխալներ է թույլ տվել։ Այսինքն՝ դաժան ռազմական դիմակայությունից, իմ կարծիքով, կարելի էր խուսափել։ Ես դրանում համոզված եմ, եթե Հայաստանի ղեկավարությունը միանգամից չխաղար մի քանի ճակատով: Դրա համար հիմա նա միտումնավոր չի շեշտում այս բոլոր մեղադրանքները, բայց բոլորը հիանալի հասկանում են ամեն ինչ։

Այսինքն, Հայաստանը, հավանաբար, հստակ գնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) մասնակցության պայմանագրի չեղարկման ուղղությամբ։ Ես նման ենթադրություն ունեմ, բայց դա Հայաստանի ընտրությունն է»,- ասել է Եվգենի Միխայլովը։