Հայաստանը հայտնվում է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի վերահսկողության տակ․ Վլադիմիր Կիրեև
11 Օգոստոսի 2025, 21:15
Եվրասիական միջազգային շարժման վերլուծական բաժնի ղեկավար Վլադիմիր Կիրեևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքներին։
«Թե՛ Բաքուն, թե՛ Երևանը բավականին արևմտամետ են տրամադրված, ուստի այն միտքը, որ նրանց խնդիրները լուծում է արևմտյան այդ ակումբի կենտրոնը, նրա ֆորմալ և ոչ ֆորմալ առաջնորդ Դոնալդ Թրամփը, նրանց համար հոգեբանական և էմոցիոնալ առումով շատ հարմար է։ Սակայն եթե նայենք հեռահար հետևանքներին, ապա երկու հանրապետությունների համար դրանք բոլորովին տարբեր են։ Ադրբեջանն, ընդհանուր առմամբ, բավականին թուրքամետ, իսրայելամետ պետություն է, որը նրանց հետ կապված է սերտ և երկարաժամկետ շահերով։ Ադրբեջանը դառնում է իսրայելական, թուրքական և անուղղակիորեն արևմտյան քաղաքականությունն իրականացնելու տարածաշրջանային կենտրոն ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ողջ հետխորհրդային տարածքում»,- ասել է Կիրեևը։
Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցությունների հետևանքները Հայաստանի և Ադրբեջանի համար բոլորովին տարբեր են. Բաքուն շահում է, Երևանը՝ պարտվում։
«Հայաստանն այս իրավիճակում պարտվում է։ Այս պահին նա ազատ է՝ համագործակցելու թե՛ Հնդկաստանի, թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի հետ։ Իսկ այս պայմանավորվածությունները ստորագրելուց հետո Հայաստանը, փաստացի, հայտնվում է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի արտաքին քաղաքական վերահսկողության տակ։ Հայաստանի ենթակա բնույթը թույլ չի տա նրան համագործակցել Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի հետ։ Քաղաքական հարաբերությունները կարող են փոխվել, հետագայում համագործակցելն անհնար կլինի, ներդրումները կսահմանափակվեն, և քաղաքական ոլորտում Հայաստանը կստանա ենթակա բնույթ»,- եզրափակել է Կիրեևը։