Հայաստանը հիպոթետիկորեն ամենավատ իրավիճակում է, կորցնում է տարածքներ և դիրքեր Անդրկովկասում. Բորիս Ռոժին
31 Հոկտեմբերի 2025, 22:16
Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի համար հայ-թուրքական սահմանի բացման սպառնալիքներին և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, որի մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ինչ ռիսկեր է պարունակում Իրանի և Ռուսաստանի համար Հայաստանի հարավում թուրք-ադրբեջանական բուֆերի ստեղծումը, ինչ հետևանքներ կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանի համար «Թրամփի երթուղին», խոսել է նաև Ֆրանսիա կատարած Փաշինյանի այցից։
Փորձագետի կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բացումն ու դիվանագիտական կապերի հաստատումը Փաշինյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պետական կուրսի մի մասն է, նույնիսկ Հայաստանի շահերից բխող զիջումների գնով:
«Պատահական չէ, որ մինչ Փաշինյանը Հայաստանի իշխանությունները չէին շտապում կազմակերպել անդրսահմանային միջանցքներ, չէին բացում Թուրքիայի հետ սահմանը։ Այդ քաղաքականությունը տևել է տասնամյակներ, Փաշինյանը որոշեց այն փոխել, այդ թվում՝ տարածքային զիջումներով և անդրսահմանային միջանցքներ կազմակերպելու հնարավորություններով։ Նա արդեն ինչ-որ առումով այդ դիրքորոշման գերին է. հետ չի կարող կանգնել, քանի որ արդեն մի քանի տարի է՝ Հայաստանին համոզում է, որ դա միակ հնարավոր կուրսն է, իսկ այն ամենն, ինչ եղել է մինչև իր կառավարումը, սխալ էր։
Նման պայմաններում նա այլևս չի կարող հրաժարվել քաղաքականությունից, քանի որ նրան բնական հարց կտան՝ իսկ ինչո՞ւ էիր այդ ամենն անում։ Այնպես որ, նա կշարունակի առաջ մղել դա մինչև վերջ։ Սա վերաբերում է Նախիջևանից դեպի Ադրբեջան տարածքային միջանցքին, որը Թուրքիային ելք կապահովի դեպի Կասպից ծով, ինչպես նաև Թուրքիայի հետ սահմանի բացմանը։ Ընդ որում, Թուրքիան Հայաստանին բարեկամ երկիր չի համարում, ավելի շուտ դիտարկում է որպես Կովկասում իր ազդեցության ընդլայնման դաշտ։ Եվ, բնականաբար, Ադրբեջանը շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի հետևել այդ կուրսին, որովհետև դա թույլ է տալիս տարբեր զիջումներ ու օգուտներ ստանալ առանց ուղղակի ռազմական գործողություններ վարելու անհրաժեշտության»,- ասել է Ռոժինը։
Փորձագետի խոսքով՝ միջանցքի բացմամբ Թուրքիան և Ադրբեջանն ուժեղանում են, իսկ Հայաստանը՝ թուլանում։
«Հայաստանը հետևողականորեն կորցնում է ոչ միայն տարածք, այլև դիրքեր Անդրկովկասում, որոնք ուներ մինչ Փաշինյանի՝ իշխանության գալը։ Այժմ իրավիճակը հիպոթետիկորեն ամենավատն է. կորսված են Ղարաբաղը և սահմանամերձ շրջանները, երկիրը փաստացի ստիպված է բացել անդրսահմանային միջանցք, որն ուժեղացնում է Ադրբեջանին և Թուրքիային։ Հայաստանը դրանից գրեթե ոչինչ չի ստանում, ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվում Թուրքիայից և Ադրբեջանից, որոնք շարունակում են տարածքային պահանջներ ներկայացնել։
«Արևմտյան Ադրբեջան» տերմինը դեռ հնչում է նույնիսկ Բաքվի պաշտոնական հայտարարություններում։ Երաշխավորված սահմաններով թույլ պետությունը կախված է արտաքին խաղացողների՝ Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի բարի կամքից։ Նախկին աշխարհակարգի քանդման և միջազգային պայմանագրերի համակարգային խախտումների պայմաններում թուլությունը վտանգում է Հայաստանի գոյությունն ու հայ ժողովրդի ապագան։ Դա արտացոլվում է նաև միգրացիայի վրա. ավելի ու ավելի շատ մարդիկ են հեռանում՝ չտեսնելով հեռանկարներ ներկայիս իշխանության օրոք»,- նշել է Ռոժինը։
Ըստ Բորիս Ռոժինի՝ «Թրամփի երթուղի» նախագիծը դիտարկվում է որպես Թուրքիայից և ԵՄ-ից բացի տարածաշրջանում ամրապնդվելու ԱՄՆ-ի փորձ:
«Ակնհայտ է, որ «Թրամփի երթուղի» նախագիծը ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։ Դա հաստատում են նաև Ռուսաստանի և Իրանի պաշտոնական հայտարարությունները։ Նախագիծը դիտարկվում է որպես Թուրքիայից և ԵՄ-ից բացի տարածաշրջանում ամրապնդվելու, ավանդական ազդեցության ոլորտում Ռուսաստանի և Իրանի ներկայությունն ընդլայնելու ԱՄՆ-ի փորձ։ Արտատարածքային միջանցքը կընկալվի որպես պոտենցիալ սպառնալիք ավանդական ազդեցության ոլորտների համար։ Եթե ձեր տարածքով ուժի սպառնալիքով փորձում են միջանցք անցկացնել, ապա ի՞նչ անվտանգության մասին կարող է խոսք լինել», — եզրափակել է Ռոժինը։