Հայաստանը, Իրանը և Հնդկաստանը քննարկել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շուրջ համագործակցության ընդլայնումը
11 Սեպտեմբերի 2025, 14:22
Սեպտեմբերի 8-ին Թեհրանում, Իրանի հյուրընկալությամբ, կայացել է Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գերատեսչությունների տարածաշրջանային վարչությունների ղեկավարների մակարդակով երրորդ եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը:
Իրանական պատվիրակությունը գլխավորում էր ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Բահրամին, հնդկական պատվիրակությունը գլխավորում էր Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Անանդ Պրակաշը, իսկ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը։
«Կողմերը գոհունակություն են հայտնել եռակողմ հանդիպման կանոնավոր և ամենամյա անցկացման կապակցությամբ, ամփոփել են 2023թ. ապրիլին Երևանում կայացած առաջին հանդիպման և 2024թ. դեկտեմբերին Նյու Դելիում կայացած երկրորդ հանդիպման ընթացքում ընդունված որոշումների արդյունքներով գրանցված առաջընթացը։ Կողմերը նաև կարևորել են նշված հանդիպումների համար սահմանված նպատակների իրականացումը՝ փոխադարձ շահերի պաշտպանության և տարածաշրջանում բարգավաճման ու բարեկեցության խթանման նպատակով։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը՝ մասնավորապես հաղորդակցությունների, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում՝ այդ նպատակով օգտագործելով Չաբահարի նավահանգստի ռազմավարական դիրքը։ Կողմերը նաև քննարկել և կարևորել են տնտեսական, առևտրային, մշակութային, ժողովուրդների միջև կապերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշվել է, որ եռակողմ հաջորդ հանդիպումը կանցկացվի Հայաստանում՝ համաձայնեցված ժամկետներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: