Հայաստանը կարող է կորցնել եվրասիական շուկան, իսկ եվրոպականն այդպես էլ չստանալ. Վասիլի Կոլտաշով

30 Հունվարի 2025, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կփակի իր համար Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկան:

«Ամենայն հավանականությամբ, Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանն ամբողջությամբ կդադարեցնի այն առևտրային գործընթացները, որոնք ընթանում են Ռուսաստանի և Հայաստանի միջև, և ռուսական շուկան կփակվի Հայաստանի համար։ Հայաստանը չի կարող լինել Եվրասիական տնտեսական միության անդամ, քանի որ դրանք երկու հակամարտող միավորումներ են։ Ռուսական շուկայում Հայաստանի դիրքը կզբաղեցնի Վրաստանը, վրացական արտադրանքը։

Հայ հասարակությունը պատրանքային պատկերացում ունի, որ կարելի է բոլորից խորամանկ լինել։ Եվ խորամանկությունն արտահայտվում է նրանում, որ կարելի է միաժամանակ մտնել երկու միավորումների մեջ, մնալ Եվրասիական տնտեսական միությունում և մտնել Եվրոպական միություն՝ ենթարկվելով եվրոպական ստանդարտին և ձեռք բերելով եվրոպական շուկան՝ իբր թե եզակի հայկական արտադրանքի համար։ Բայց բանն այն է, որ Հայաստանն ուղղակի կկորցնի իր ներկայիս միջանկյալ դիրքը, երբ նա, մնալով Եվրասիական տնտեսական միության անդամ, հնարավորություն ունի բավական շահավետ առևտուր անել ԵՄ-ի հետ՝ շրջանցելով պատժամիջոցները և այդպիսով աջակցելով սեփական տնտեսությանը», — ասել է Կոլտաշովը։

Փորձագետի կարծիքով՝ ԵՄ-ն պարզապես չի ընդունի Հայաստանին, ԵՄ-ն շատ բան է խոստանալու։

«Յանուկովիչն էլ այնպիսի պատրանքներ ուներ, որ կարելի է նստել երկու աթոռի վրա։ Հայաստանն Ուկրաինայից տարբերվում է նրանով, որ Ուկրաինան փակել է սահմանը Եվրամիության և Ռուսաստանի հետ, ունեցել է սահման այդ երկու երկրների հետ, և դա, ինչպես տեսնում ենք, հանգեցրել է պատերազմի։ Հայաստանը սահմաններ չունի ոչ Եվրամիության, ոչ Ռուսաստանի հետ, Հայաստանը պետություն է, որը պետք է հաղորդակցվի կամ թուրքերի և Ադրբեջանի միջնորդությամբ, որոնք Հայաստանը չեն սիրում, կամ Վրաստանի միջնորդությամբ, որը Եվրոպական միության հետ, ամենայն հավանականությամբ, չի մերձենա։ ԵՄ-ն պարզապես չի ընդունի Հայաստանին, ԵՄ-ն խոստանալու է ընդունել Հայաստանին, ընթանալու է բանակցային գործընթաց, բայց այն, ինչպես գիտենք, կարող է շարունակվել տասնամյակներ։ Այդ գործընթացի արդյունքում Հայաստանն իսկապես կարող է կորցնել եվրասիական շուկան, իսկ եվրոպականն այդպես էլ չստանալ», — նշել է Կոլտաշովը։

Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի անդունդ։

«Հայաստանի ղեկավարությունը, մասնավորապես Փաշինյանը, երկիրը տանում են դեպի անդունդ։ Եվ ինձ թվում է՝ անդունդ գնալն այն է, ինչին արդեն Հայաստանում մարդիկ սովոր են, որովհետև երկիրն ավելի մեծ էր, երբ Փաշինյանը նոր էր սկսել այն ղեկավարել, նրա հեռանկարներն ավելի շահավետ էին, գործում էին Փաշինյանից առաջ կառուցված Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մեխանիզմները, և դա տալիս էր առևտրի աճի հեռանկար, այդ առևտրի աճը տեղի ունեցավ։ Այժմ եկել է ոչ միայն տարածքները, այլև շուկաները կորցնելու ժամանակը, և դա, կարծես, հենց երկրի ներկայիս ղեկավարության տնտեսական ռազմավարությունն է», — եզրափակել է Կոլտաշովը։