Հայաստանը կարող է մուտք գործել Չաբահար նավահանգիստ
30 Սեպտեմբերի 2024, 16:31
Իրանի Իսլամական Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին պատրաստ է ընդունել Չաբահար նավահանգստում: Այս մասին Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսություն» քննարկման ժամանակ հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթթաբակը։
Նրա խոսքով՝ երկրի աշխարհագրական դիրքը նպաստում է դեպի Եվրոպա բեռների տարանցման կազմակերպմանը։ Իրանով անցնում են տարբեր տրանսպորտային միջանցքներ, որոնք կապում են Սև ծովը Կասպից ծովի և Հնդկական օվկիանոսի հետ։
Աթթաբակը նշել է, որ Հնդկական օվկիանոսում գտնվող Չաբահար նավահանգիստ մուտք գործելը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ուղղություններից մեկն է։
«Մուտքն արդեն տրամադրվել է Հայաստանին։ Մենք լիովին աջակցում ենք այս նախագծին: Ավելին, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ներկայության ենթակառուցվածքն արդեն պատրաստ է նավահանգստում»,- նշել է իրանցի նախարարը։