Հայաստանը կարող է ռելոկանտների ներուժն ուղղել դեպի մարզեր. փորձագետ

09 Օգոստոսի 2023, 16:19

Տնտեսություն և Բիզնես

Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված ռելոկանտները փորձում են հաշվարկ իրականացնել ու հասկանալ, թե ինչ է կատարվելու Հայաստանում տնտեսական և այլ ոլորտներում 6 ամիս անց: Բիզնես-խորհրդատու Նարեկ Ալեքսանյանը սրանով է պայմանավորում ռելոկանտների՝ Հայաստանում մնալու կամ այլ երկիր տեղափոխելու, գուցե նաեւ հետդարձի ճանապարհը բռնելու հավանականությունը:

«Քանի դեռ նրանք մեզ մոտ են գտնվում, մենք կարող ենք բացահայտել իրենց կարիքներն ու նպատակները և ավելի երկարատև առաջարկ անել մնալու համար»,- Alpha News Room-ի ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել բիզնես-փորձագետ Նարեկ Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ ՌԴ քաղաքացիները եկել են Հայաստան ինչ-ինչ պատճառներով, այլ ոչ թե նրա համար, որ իրենց ինչ-որ բան է դուր եկել մեր երկրում:

Պետությունը, ըստ Ալեքսանյանի, պետք է մտածի ոչ միայն Հայաստանի բիզնես գրավչության ուղղությամբ, այլեւ բոլոր ուղղություններով:

«Ինքը ընտանիքո՞վ է եկել, թե՞՝ ոչ, իրեն Հայաստանի առողջապահական համակարգը բավարարու՞մ է, թե՞՝ ոչ, կրթական համակարգը համապատասխանեցվա՞ծ է իրենց»,- թվարկում է Նարեկ Ալեքսյանը և հավելում՝ այնպես չէ, որ պետք է շատ արագ անցնել ռուսալեզու կրթությանը:

Բիզնես-փորձագետը հարցադրում է անում՝ գուցե նրանք հետաքրքրված են անգլալեզո՞ւ կրթությամբ: Հաջորդ խնդիրը, ըստ Ալեքսանյանի գնաճն է, որն իրենց գրպանի վրա զգում են նաև ռելոկանտները: Ըստ մասնագետի՝ խնդրի լուծում կարող էր լինել նաև ռելոկանտների՝ Հայաստանի մարզեր տեղափոխումը: Նա ընդգծում է, թեպետ շատ ռելոկանտներ գնացին նաև այդ ճանապարհով, սակայն, դա ինքնաբուխ էր, և պետության կողմից չհամակարգված: Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ օրինակ, Ղազախստանն օգտագործեց ռելոկանտների գործոնը, համաչափ զարգացնելով նաև իր մարզկենտրոնները: Նարեկ Ալեքսյանը հիշեցնում է՝ Հայաստանը տարներ առաջ պատրաստ չէր նաև ընդունելու Սիրիայից Հայաստան եկածներին: Բիզնես-փարձագետի խոսքով՝ Ռուսաստանից արտագաղթածները կրեատիվ համայնքի ներկայացուցիչներ են, որոնց հուզում է, թե ինչ միջավայրում են իրենք ապրում:

«Ռելոկանտները գալով Հայաստան, սկսեցին բնակվել քաղաքի կենտրոնում: Արագ ինքնակազմակերպվեցին, բացեցին թելեգրամյան ալիքներ, որտեղ սկսեցին միմյանց խորհուրդ տալ: Պետությունը նրանց ուղղորդելու հարցում մինչեւ օրս զրոյական դեր է ունեցել»,-եզրափակել է փորձագետը: