Հայաստանը կմասնակցի Յարոսլավլի Վոլկովյան թատերական փառատոնին

17 Օգոստոսի 2023, 11:35

Մշակույթ

Յարոսլավլի Ֆյոդոր Վոլկովի անվան դրամայի ռուսական պետական ​​ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 19-ին կբացվի Վոլկովյան 23-րդ միջազգային փառատոնը: Բացի ռուսաստանցի մասնակիցներից, փառատոնին կմասնակցեն թատերախմբեր Հայաստանից, Բելառուսից և Սերբիայից։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են Վոլկովյան թատրոնի մամուլի ծառայությունում։

«Բացի Ռուսաստանի թատրոններից, այս տարի փառատոնին սպասվում են թատերախմբեր Հայաստանից, Բելառուսից և Սերբիայից։ Ընդհանուր առմամբ, իր աշխատանքը կցուցադրի 15 թատրոն, հանդիսականները կդիտեն 16 ներկայացում», — ասել է գործակալության զրուցակիցը:

Վոլկովյան փառատոնը նվիրված է լինելու դրամատուրգ Ալեքսանդր Օստրովսկու ծննդյան 200-ամյակին և կանցկացվի «Օստրովսկին. ժամանակակիցները և արդիականությունը» նշանաբանով։ Փառատոնը կմիավորի ականավոր դրամատուրգի պիեսների բեմադրությունները, ինչպես նաև Օստրովսկու ժամանակակիցների՝ 19-րդ դարի ռուս դասականների ստեղծագործությունների բեմականացումներ։ Ըստ հաղորդագրության՝ հանդիսատեսին կներկայացվեն ինչպես ժամանակակից, «անսպասելի մեկնաբանություններ», այնպես էլ դասական բեմադրություններ:

Փառատոնի մասնակիցների թվում են թատրոններ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Սարատովից, Կալուգայից, Տվերից, Իժևսկից, Ռիբինսկից, ինչպես նաև Դոնեցկից։

Վոլկովյան փառատոնը Յարոսլավլում սեպտեմբերին անցկացվում է 2000 թվականից։ Ֆյոդոր Վոլկովի անվան դրամայի թատրոնի` առաջին ռուսական պրոֆեսիոնալ թատրոնի բեմում իրենց ներկայացումներն են ցուցադրում թատերախմբեր տարբեր երկրներից: Փառատոնում տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության կառավարության Ֆյոդոր Վոլկովի անվան մրցանակի հանձնման արարողությունը: