Հայաստանը կմիանա «Կինոյի գիշեր» համառուսաստանյան միջոցառմանը
15 Օգոստոսի 2024, 09:15
ԲՐԻԿՍ-ի և Անկախ պետությունների համագործակցության 14 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, կմիանան օգոստոսի 24-ին տեղի ունենալիք «Կինոյի գիշեր» համառուսաստանյան միջոցառմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ մշակույթի նախարարության մամուլի ծառայությանը։
«2024 թվականին Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության հանձնարարությամբ, Կինոյի հիմնադրամի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ միջոցառման օպերատորը կլինի «Ռոսկինո» ընկերությունը։ «Կինոգիշերին» Ռուսաստանից բացի կմասնակցեն նաև ԲՐԻԿՍ-ի և ԱՊՀ-ի 14 երկիր», — նշվում է հաղորդագրության մեջ։
Միջոցառումն ավանդաբար նվիրված է Ռուսական կինոյի օրվան, որը նշվում է օգոստոսի 27-ին։
Ֆիլմերը կցուցադրվեն Չինաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Եթովպիայում, Եգիպտոսում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Հայաստանում, Ադրբեջանում և այլ երկրներում գտնվող դեսպանատներում, մշակութային կենտրոններում և օտար երկրներում գործող ռուսական այլ հաստատություններում։ Նախատեսվում է, որ կինոդիտումներ կկազմակերպվեն Ռուսաստանի և արտերկրի ավելի քան 5 հազար վայրերում։
Նշվում է, որ ամեն տարի «Կինոգիշեր»-ի համար ընտրվում են ռուսական կինոյի ամենավառ նոր թողարկումներից երեքը:
Հաղորդվում է, որ «Կինոյի գիշեր» հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի 24-ին՝ Մոսկվայի Հաղթանակի թանգարանի «Պոկլոնկա» կինոթատրոնում։ Ցուցադրությունները տեղի կունենան երեք կինոդահլիճներում՝ Ժուկով, Ռոկոսովսկի և Վասիլևսկի։