Հայաստանը կսկսի էներգիա գնել Ադրբեջանից ու Թուրքիայից, եթե ՀՀ իշխանությունները շարունակեն ձգձգել ընտրությունը. Արթուր Ավետիսյան
07 Փետրվարի 2025, 22:05
Հայաստանում բուռն քննարկում են ատոմային էներգետիկայի հարցը: Սեղանին երկու տարբերակ կա՝ ռուսական ու ամերիկյան: Հայաստանի իշխանությունները դեռ հստակ ընտրություն չեն արել, բայց նրանց հայտարարություններից կարելի է ենթադրել, որ հակված են դեպի ամերիկյան կողմը:
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Ատոմային էներգետիկայի ոլորտի մասնագետ, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արթուր Ավետիսյանի հետ:
«Հայաստանի ատոմակայանը ներկա դրությամբ եզակի երևույթ է ատոմային էներգետիկայի ոլորտում, որովհետև աշխարհի միակ ատոմակայանն է, որ երկար տարիների անգործությունից հետո նորից անցել է գործի ու ապահովում է Հայաստանի էներգետիկայի մեծագույն մասը:
2036 թվականին պետք է շահագործումից դուրս գա, պիտի կառուցվի նոր ատոմակայան: Այսօրվա իշխանությունները հավակնում են ամերիկական տարբերակին։ Դա ակնհայտ է ու պարզ երևում է նրանց հայտարարություններից, բայց այսօրվա դրությամբ ԱՄՆ-ում չկա աշխատող մոդելային ռեակտոր»,- ասել է Արթուր Ավետիսյանը:
Մասնագետը ցավով է արձանագրել, որ ՀՀ իշխանությունները փակեցին էներգետիկայի նախարարությունը:
«Ամենացավալին այն է, որ ներկա իշխանություններն առաջինը վերացրին էներգետիկայի նախարարությունը՝ ապահովելով բարձր որակի մասնագետների արտահոսք: Չգիտեմ՝ Հայաստանում կա՞ ինչ-որ խումբ, որ տիրապետում է տեղեկատվության ու կարող է այս կառավարությանը ներկայացնել՝ ամերիկական տարբերակը փուչ է:
Ինձ թվում է՝ ռուսական ու ամերիկյան տարբերակների միջև ընտրության ձգձումը բերելու է նրան, որ երբ գա ատոմակայանի դուրսբերման ժամկետը, Հայաստանը կմնա առանց էներգետիկայի և ստիպված կլինեն, ինչպես ասում են կառավարության ներկայացուցիչները, էներգիա գնել Ադրբեջանից ու Թուրքիայից»,- նշել է Արթուր Ավետիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: