Հայաստանը մոտ է այն կետին, որ Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել հարաբերությունները նրա հետ․ Օվերչուկ
02 Ապրիլի 2026, 09:15
Հայաստանը շատ մոտ է այն սահմանագծին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել և այլ կերպ կառուցել նրա հետ տնտեսական հարաբերությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա նշել է, որ երկկողմ հանդիպումների ընթացքում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ձևաչափում, «հայ ղեկավարները խոսում են Ռուսաստանի հետ բարեկամության մասին և հավաստիացնում իրենց հավատարմությունը ԵԱՏՄ-ին»։
«Մեր կողմից քննարկումները լինում են անկեղծ և միշտ հարգալից են։ Միևնույն ժամանակ, խոսքերն ու գործերը համադրելով՝ գալիս ես այն եզրակացության, որ մեր գործընկերները շատ մոտ են այն կետին, որից հետո մենք ստիպված կլինենք այլ կերպ կառուցել մեր տնտեսական հարաբերություններն այս երկրի հետ»,- հավելել է նա։
Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանի կառավարությունն, իր լիազորությունների շրջանակում, մտահոգված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի ապագա հեռանկարներով։
«Հաշվի առնելով կոնցեսիայի վաճառքի վերաբերյալ հայտարարությունները, տարածաշրջանային համատեքստի ընդհանուր ընկալումը և Հայաստանի ղեկավարության՝ Եվրոպական միությանը մոտենալու քաղաքականությունը, առաջանում են լուրջ հարցեր դրանց ապագայի վերաբերյալ», — նշել է ՌԴ փոխվարչապետը։